Մարտի 15–19-ին Տաջիկստանում անցկացվելու են Ռուսաստան–Տաջիկստան համատեղ վարժանքներ, որոնց ներգրավվելու են Տաջիկստանի ԶՈւ շուրջ 50 հազար զինծառայողներ և պահեստազորայիններ, ՌԴ ԶՈւ` ավելի քան 2 հազար զինծառայողներ, ինչպես Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայից, այնպես էլ` առաջին անգամ Ռուսաստանում տեղակայված ստորաբաժանումներից: Այս մասին մարտի 10-ին հայտնել է Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` փոխանցելով ՌԴ ՊՆ մամուլի խոսնակ Ֆարիդուն Մախմադալիևի հայտարարությունը:
Այսօր` մարտի 11-ին ՌԴ ՊՆ կայքը հայտնել է, որ Ռուսաստանի ԶՈւ` Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազայի Սու-25ՍՄ գրոհիչները տեղափոխվել են Տաջիկստան` Ռուսաստան-Տաջիկստան համատեղ զորավարժությանը ներգրավվելու համար: Ինքնաթիռները համալրել են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից շուրջ 30 կմ հեռավորության վրա տեղակայված «Այնի» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը:
Համատեղ զորավարժությանը ներգրավվելու են Տաջիկստանի ՊՆ, ինչպես նաև ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հատուկ նշանակության, պարաշյուտադեսանտային, դեսանտագրոհային ստորաբաժանումները:
Ռուսաստանյան ինքնաթիռները պետք է աջակցեն մոտոհրաձգային և հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններին, հրթիռային արկերով հարվածեն պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների լեռնային ճամբարներին և պահեստներին:
Մարտի 10-ին Տաջիկստան են ուղարկվել նաև Մի-24 հարվածային և Մի-8 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռներ` կրկին Ղրղզստանի «Կանտ», ինչպես նաև Ռուսաստանի տարածքում տեղակայված «Տոլմաչևո» ավիաբազաներից:
Մարտի 11-ին «ՌԻԱ Նովոստին» իր հերթին հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ ԿՌՇ հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինից ստացած տեղեկության համաձայն` Տաջիկստան են տեղափոխվել նաև ռուսաստանյան զինված ուժերի Տու-23Մ3 ռմբակոծիչներ:
Զորավարժության հիմնական նպատակը պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների, վերջիններիս բազաների, պահեստների և այլ կառույցների ոչնչացումն է` համատեղ գործողությունների արդյունքում:
Ավելացնենք, որ մարտի 9-ին ՌԴ ՊՆ կայքը հայտնել էր, որ զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները «Ռուսլան» ԱՆ–124–100 ծանր բեռնատար ինքնաթիռներով տեղափոխվում են Տաջիկստան:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի` Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի հետախույզները անցկացրել էին ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմների փորձարկման վարժանքներ` ԲՏՌ-80 զրահափոխադրիչների և ԱԹՍ-ների ներգրավմամբ:
Հավելենք, որ 2016-ի փետրվարին ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Տաջիկստանում տեղակայված բոլոր ստորաբաժանումները միավորվելու են մեկ միավորման մեջ, որի հիմքը լինելու է «Կանտ» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը:
Pingback: Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն | Ռազմ.info