Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայաստանցի խաղաղապահները տեղափոխվելու են Աֆղանստան՝ խաղաղարար առաքելության։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունվարի 23-ի թողարկումը։
Ճանապարհման հանդիսավոր արարողության ընթացքում խաղաղապահներին վերջին ցուցումներն է տվել բրիգադի շտաբի պետ, գնդապետ Գևորգյանը։
Փոխգնդապետ Կարեն Բաղյանի հրամանատարությամբ գործող հայ խաղաղապահների նոր հերթափոխը տեղակայվելու է Աֆղանստանի Մազարի Շարիֆ ավանում գործող միջազգային խաղաղապահ ուժերի զինավանում։
Նախքան Աֆղանստանում տեղակայվելը հայաստանցի զինծառայողները Գերմանիայում մասնակցելու են նախապատրաստական երեքշաբաթյա դասընթացներին և վարժանքներին։
Զորախմբի կազմում ընդգրկված վարորդ զինծառայողները Գերմանիա են մեկնել մեկ շաբաթ առաջ՝ նրանց համար անցկացվող լրացուցիչ մեքենավարման դասընթացներին։
Դեկտեմբերին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Աֆղանստանի ուժայիններին մարզելու «Վճռական աջակցություն» ծրագիրը երկարաձգում է մինչև 2016-ի ավարտը: ՆԱՏՕ-ի ինչպես «Վճռական աջակցություն», այնպես էլ դրան հաջորդելիք «Տևական գործընկերություն» առաքելություններին մինչև վերջ մասնակցելու իր հանձնառությունը Հայաստանը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ արտգործնախարարի միջոցով:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:
Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, դրա հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ. ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։
Ինչպես և ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժերի») ծրագրի ժամանակ, Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի շրջանակներում նույնպես Աֆղանստանի ողջ տարածքը բաժանված է 4 հատվածների, որոնցից գերմանական զորախումբը, որի կազմում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսայինը։
Ավելացնենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից՝ Աֆղանստանում, 2014-ից՝ Լիբանանում։ 2015-ից էլ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի մեկ սպա որպես դիտորդ մասնակցում է Մալիում ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը:
Միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու ավելի քան 10-ամյա փորձը Հայաստանին թույլ է տվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում առաջարկել ստեղծել կազմակերպության խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info
Pingback: Աֆղանստան մեկնելուց առաջ ՀՀ ԶՈւ խաղաղապահները կվերապատրաստվեն Գերմանիայում | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու | Ռազմ.info