ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային գունդը վերատեղակայվել է Դուշանբեում

Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռամաբազայի 149-րդ մոտոհրաձգային գունդը Խաթլոնի շրջանից վերատեղակայվել է մայրաքաղաք Դուշանբեում և արվարձանում գտնվող «Լյաուր» զորավարժարանում։Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշուպկինին։

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

«Վերատեղակայումն արվել է զորամիավորման մարտական պատրաստությունը բարձրացնելու համար և նախապես համաձայնեցված է եղել Տաջիկստանի պաշտպանության նախարարության հետ։ Ստորաբաժանումները 250 կիլոմետրանոց երթով հաստիքային տեխնիկայով տեղակայվել են մայրաքաղաքի ռուսական ռազմավանում»,— հավելել է գնդապետ Յարոսլավ Ռոշուպկինը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերատեղակայման արդյունքում տվյալ ստորաբաժանման թվաքանակը, ինչպես նաև առաջադրանքը չի փոփոխվի։ Տվյալ շրջանում կշարունակեն մնալ Կուրղան-Տյուբենում տեղակայված մոտոհրաձգային գունդը և տիզերական զորքերի «Օկնո» օպտիկա-էլեկտրոնային հանգույցը։

ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Այն ՌԴ զինված ուժերի ամենամեծ զորամիավորումն է երկրից դուրս։ Ռազմաբազայում ծառայում է ՌԴ զինված ուժերի շուրջ 7,5 հազար զինծառայող։ Այս տարվա սեպտեմբերին ռազմաբազայի սպառազինությունն ուժեղացվել է Մի-8 և Մի-24 ուղղաթիռների ավելացմամբ։ Դրանք տեղակայված են Դուշանբեից 30 կմ հեռավորությամբ «Այնա» օդանավակայանում։

Հավելենք նաև, որ 2012 թվականի հուլիսին Ռուսաստանը մեղադրել էր Տաջիկիստանի իշխանությանը հողի վարձակալության համար ոչ ընդունելի պայմաններ առաջարկելու համար և դադարեցրել ֆինանսավորել 201-րդ ռազմաբազան։ Երկար բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։

Ռուսատանը մշտապես աջակցել է Տաջիկստանին՝ այդ երկրի տարածքում ռազմաբազան պահպանելու համար։ 2015-ի ապրիլի 2-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր Տաջիկստանի արտգործանախարարը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկա տարիներին Տաջիկստանին 70 միլիարդ ռուբլիի (1,23 մլրդ ամերիկյան դոլար) սպառազինություն տրամադրել՝ որպես աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում:

2 responses to “ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային գունդը վերատեղակայվել է Դուշանբեում

  1. Pingback: Վերակազմակերպվում է Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան. ՌԴ ՊՆ տեղակալը մեկնել է այնտեղ | Ռազմ.info

  2. Pingback: Տաջիկստանի ռուսաստանյան բազայում անցկացվել են հետախույզների վարժանքներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *