Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 34 մուսուլմանական երկրներ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով կոալիցիա են ստեղծել: Ռազմական գործողությունները համակարգելու համար միացյալ շտաբը տեղեկայվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր

Կոալիցիայի մեջ մտել են 34 իսլամական երկրներ, այդ թվում` Արաբական Միացյան Էմիրությունները, Թուրքիան, Եգիպտոսը, Լիբանանը, Մալայզիան, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը և այլն: Հատկանշական է, որ կոալիցիոն ուժերի մաս չի կազմում ահաբեկչության դեմ պայքարում իր պատրաստակամությունը մշտապես հայտնած Իրանը` ըստ երևույթին իսլամի շիա ճյուղը դավանելու և Սաուդյան Արաբիայի հետ ունեցած խորը հակասությունների համար:

Նշենք, որ այս աղբյուրը չի ճշգրտել, թե հատկապես որտեղ և երբ են իրականացվելու հակահաբեկչական գործողությունները, սակայն նշվում է, որ իսլամական կոալիցիան համագործակցելու է «բարեկամ երկրների» հետ։ Ըստ երևույթին, խոսքը Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող հակաահաբեկչական կոալիցիայի մասին է:

Մեկնաբանելով այս լուրը` Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ կոալիցիան պայքարելու է ահաբեկչական բոլոր կառույցների` այդ թվում նաև՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Պայքարի հիմնական գոտիներն են լինելու Իրաքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը և Եգիպտոսը, որտեղ ահաբեկչական կառույցներն առավել ակտիվ գործունեություն են ծավալում:

Asociated press լրատվական գործակալության փոխանցմամբ էլ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հաստատել է իրենց մասնակցությունը կոալիցիային:

2014-ի սեպտեմբերից ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի շրջանակներում ԻՊ-ին, ինչպես նաև Սիրիայում գործող մի շարք այլ ահաբեկչական կառույցների դիրքերին ավիահարվածներ են հասցնում տասնյակ պետություններ։ Իսկ սեպտեմբերի 30-ից Սիրիայում ԻՊ դիրքերին կետային ավիահարվածներ է հասցնում նաև Ռուսաստանը:

One response to “Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա

  1. Pingback: Նորաստեղծ «Իսլամական կոալիցիան» քննարկում է Սիրիա հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *