Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 մարտի, 2015

Մեկնարկել է թուրք-ադրբեջանական մեկամսյա զորավարժություն • Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր • Թուրքիայում F-4 ռազմական ինքնաթիռների կործանման համար մեղադրում են Իսրայելին • Aselsan և Thales ռազմարդյունաբերական ընկերությունները համաձայնագիր են ստորագրել• Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազել է • Թուրքիա են այցելել Թուրքմենստանի նախագահը և ԶՈւ ԳՇ պետը • Հունաստանի` Թուրքիայի՝ Էգեյան ծովում իր օդային տարածքի ընդլայնման մասին հայտարարության դեմ արձագանքի արդյունքները • Թուրքիան կարող է ռազմական ուժեր տեղակայել Քաթարում • Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Իրաք • Թուրքիան հայտարարում է ԻՊ դեմ պայքարում Իրաքին օգնելու պատրաստակամության մասին • Թուրքիան կարող է աջակցել Մոսուլի ազատագրմանը

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

• Թուրքիայի կենտրոնական Քոնյա քաղաքում 2015-ի մարտի 2-ին մեկնարկել է TURAZ Şahini 2015 (Թուրք-ադրբեջանական բազե) թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը տևելու է մինչև ապրիլի 2-ը։

• Մարտի 5-ի առավոտյան՝ ուսումնական թռիչք կատարելիս, վթարվել է Թուրքիայի ՌՕՈւ 112-րդ էսկադրիլիայի F-4E 2020 կործանիչներից մեկը, անձնակազմի երկու օդաչուները մահացել են:

•  Փետրվարի 24-ին և մարտի 5-ին գրանցված ավիավթարներից հետո թուրքական մամուլում սկսել են ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ F-4 ռազմական ինքնաթիռները արդիականացվել են Իսրայելում։ Կարծիքներ են շրջանառվում, որ վթարները արդիականացման ընթացքում իսրայելական մասնագետների թույլ տված սխալների հետևանքն են։

Թուրքիայի ՌՕՈւ F-4E 2020 ինքնաթիռի վթարի վայրը՝ Քոնիայի զորավարժարանի տարածքում

Թուրքիայի ՌՕՈւ F-4E 2020 ինքնաթիռի վթարի վայրը՝ Քոնիայի զորավարժարանի տարածքում

• Թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը 2015-ի փետրվարի 25-ին համագործակցության համաձայնագիր է ստորագրել բրիտանական Thales Air Defence ռազմարդյունաբերական ընկերության հետ: Ընկերությունները նախատեսում են հարմարեցնել թուրքական ընկերության հրթիռները բրիտանական ընկերության արձակման կայաններին։

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հրապարակած տվյալներով՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 686 հազար մարդ է, որը մոտ 4 հազարով պակաս է հունվարի ցուցանիշից։

• Մարտի 2-ին Թուրքիա էր այցելել Թուրքմենստանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Բեգենչ Գյունդոգդիեվի գլխավորած պատվիրակությունը: Մեկ օր անց՝ մարտի 3-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Թուրքիա է այցելել նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը:

• Հունաստանը բողոքում է Թուրքիայի՝ Էգեյան ծովի օդային տարածքում զորավարժություններ անցկացնելու և այդ պատճառաբանությամբ լրացուցիչ օդային տարածքներ կորզելու դեմ: Ի պատասխան Հունաստանի կտրուկ արձագանքին՝ Թուրքիան մարտի 2-ին հայտարարել է, որ զորավարժություններ անցկացնելու համար նախատեսված տարածքների մեջ ներառված չի եղել Լեմնոս հունական կղզու օդային տարածքը:

• Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախարար Ահմեթ Բերաթ Չոնքարը հայտարարել է, որ համաձայն առկա ռազմական համաձայնագրերի՝ Թուրքիան կարող է Քաթարում ռազմական ուժեր տեղակայել:

Թուրքիայի՝ Իրաք ուղարկած ռազմական օգնությունը կօգտագործվի ԻՊ դեմ պայքարում

Ռազմական օգնություն առաքող թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը Բաղդադի Մութեննա ռազմաօդային բազայում

• Թուրքիան մարտի 3-ին ռազմական օգնություն է ուղարկել Իրաք, որն օգտագործվելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Թուրքական օդուժի 2 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռները նշված օգնությունը հասցրել են Բաղդադի Մութեննա ռազմաօդային բազա։

• Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարում պատրաստ է աջակցել Իրաքին հետախուզական և խորհրդատվական բնույթի ցանկացած օժանդակությամբ:

• Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մարտի 2-ին հայտարարել է, որ հավական է՝ Թուրքիան աջակցի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Մոսուլը, ազատագրելու միջազգային ռազմական առաքելության իրականացմանը:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 մարտի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *