Թուրքիա են այցելել Թուրքմենստանի նախագահը և ԶՈւ ԳՇ պետը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը 2015-ի մարտի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այցելել է Թուրքիա։ Նախագահներն անցկացրել են առանձնազրույց և պատվիրակների մասնակցությամբ քննարկում, որից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուխամեդովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուխամեդովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ երկու երկրներն էլ համակարծիք են թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու հարցում:

Տեղին է հավելել, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ անցած շաբաթ Ադրբեջան կատարած այցի ժամանակ նշել էր, որ նախատեսվում է Թուրքմենստանի գազը ևս ներառել TANAP (Տրանսանատոլիական գազամուղ) ծրագրի մեջ, որով նախատեսվում է ադրբեջանական գազն արտահանել Վրաստան և Թուրքիա, իսկ հետագայում TAP (Տրանսադրիատիկ) գազամուղով հասցնել Եվրոպա։

Անդրադառնալով թուրք գործարարների կողմից կենտրոնասիական երկրներում կատարած ներդրումներին՝ Էրդողանը նշել է, որ մինչ օրս Թուրքիայի գործարարները Թուրքմենստանում մոտ 46 մլրդ դոլարի բիզնես ծրագրեր են իրականացրել։

Հանդիպման շրջանակներում երկրները ստորագրել են առևտրատնտեսական, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցության մի շարք համաձայնագրեր։

Թուրքմենստանի նախագահը Թուրքիայի իր պաշտոնակցին հրավիրել է մասնակցել 2015-ի դեկտեմբերին Թուրքմենստանում անցկացվելիք «Անկողմնակալ քաղաքականություն» խորագրով կոնֆերանսին։

Նա ավելացրել է, որ ապրիլի 24-ին կայցելի Թուրքիա և կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին։

Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ մարտի 2-ին էլ Թուրքիա էր այցելել Թուրքմենստանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Բեգենչ Գյունդոգդիեվի գլխավորած պատվիրակությունը: Թուրքմենական պատվիրակությունը հյուրընկալվել էր Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին, որի հետ փակ գաղտնի քննարկում է անցկացվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *