Հունաստանը բողոքում է Թուրքիայի՝ Էգեյան ծովի օդային տարածքում զորավարժություններ անցկացնելու և այդ պատճառաբանությամբ լրացուցիչ օդային տարածքներ կորզելու դեմ. հայտարարել է Հունաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Կոստանտինոս Կուրտասը:
Այս մասին հայտնում է Kathimerini հունաստանյան օրաթերթի կայքը:
Կուրտասը նշել է, որ Թուրքիան փետրվարի 26-ին Էգեյան ծվում լրացուցիչ օդային տարածքներ օգտագործելու վերաբերյալ միակողմանի հայտարարություն է արել: Ծանուցման մեջ նշվել է, որ օդային լրացուցիչ տարածքներն օգտագործվելու են 2015-ի մարտի 3-ից դեկտեմբերի 31-ը:
Հունական կողմը նշում է, որ Թուրքիայի այս քայլը թուրք-հունական սահմանները խախտելու և Հունաստանի օդային սահմանները նեղացնելու փորձ է, որը միաժամանակ խաթարելու միջազգային օդային երթևեկը, մասնավորապես երկու տարածաշրջանային չվերթների բնականոն ընթացքը, ինչպես նաև ազդելու է երկու միջազգային երթուղիների աշխատանքի վրա:
Հունաստանի քաղաքացիական ավիացայի ղեկավարրությունը հանդես է եկել նախազգուշական ծանուցմամբ՝ նշելով, որ թուրքական հայտարարությանը չունի իրավական հիմքեր:
Կուրտասը նաև նշել է, որ Հունաստանն այս հարցով դիմելու է ՆԱՏՕ, ՄԱԿ, ԵՄ և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO):
Նշենք, որ Թուրքիա-Հունաստան հարաբերությունները հաճախ են լարվում Էգեյան ծովում, ինչի պատճառը առկա տարածքային վեճերն են:
[Լրացում] Ի պատասխան Հունաստանի կտրուկ արձագանքին՝ Թուրքիան մարտի 2-ին երկրորդ հայտարարությունն էլ արել: Նոր հայտարարության մեջ զորավարժություններ անցկացնելու համար նախատեսված տարածքների մեջ ներառված չի եղել Լեմնոս հունական կղզու օդային տարածքը: