Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարում պատրաստ է աջակցել Իրաքին հետախուզական և խորհրդատվական բնույթի ցանկացած օժանդակությամբ: Այս մասին երեկ՝ մարտի 4-ին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Բաղդադում Իրաքի պաշտպանության նախարար Հալիթ էլ-Ուբեյդիի հետ հանդիպումից հետո:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:
Յըլմազը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել Իրաքի կառավարական ուժերի և քրդական Փեշմերգեի մարտիկների մարզումներն ու զինումը, տրամադրել մարդասիրական օգնություն, Իրաքի կողքին կանգնել ռազմավարական նշանակություն ունեցող Մոսուլ քաղաքի ազատագրման ժամանակ, ինչպես նաև ճամբարներ հիմնել քաղաքը լքողների համար: Նախարարը նաև հավելել է, որ իրենց՝ մարտի 3-ին 2 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռով Բաղդադ ուղարկած ռազմական օգնությունը լինելու է շարունակական:
Նշենք, որ Իսմեթ Յըլմազը դեռևս մարտի 2-ին էր հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման համար միջազգային ռազմական առաքելության իրականացնելիք գործողությանը Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին, սակայն չէր նշվել մասնակցության ձևաչափի մասին:
Հիշեցնենք նաև, որ Իրաքում ահաբեկչական վտանգն առավել սուր բնույթ ստացավ 2014-ի հունիսին, երբ երկրի հյուսիսային հատվածը, մասնավորապես՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ: Ներկայումս ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան պատրաստվում է աջակցել Իրաքի կառավարական ուժերին և քրդական փեշմերգեի մարտիկներին ազատագրել Մոսուլը:
Pingback: Թուրքիան Մոսուլի ազատագրման համար սկսել է մարզել Իրաքի սուննի զինյալներին | Ռազմ.info