Թուրքիան մարտի 3-ին ռազմական օգնություն է ուղարկել Իրաք, որն օգտագործվելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Թուրքական օդուժի 2 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռները նշված օգնությունը 2 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռով հասցրել են Բաղդադի Մութեննա ռազմաօդային բազա։ Այս մասին հայտում է թուրքական «Անադուլու» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքում Թուրքիայի դեսպան Ֆարուք Բայմաքչիին:
Իրաքում Թուրքիայի դեսպանը նաև հաստատել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այս շաբաթ՝ մարտի 4-ից 6-ը, լինելու է Իրաքում և այցելելու է երկրի կենտրոնական մայրաքաղաք Բաղդադ ու Հյուսիսային Իրաքի մայրաքաղաք Էրբիլ՝ հավելելով, որ Թուրքիան ԻՊ դեմ պայքարում շարունակելու է աջակցել միջազգային կոալիցիային և Իրաքին՝ «հանուն տարածաշրջանային խաղաղության վերականգման ու կայունության»։
Հավելենք՝ թուրքական ոչ պաշտոնական աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ պաշտպանության նախարարի այցի շրջանակներում կողմերը ստորագրելու են հետախուզական տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ երկկողմ պայմանագրեր:
Հիշեցնենք նաև, որ Իրաքում ահաբեկչական վտանգն առավել սուր բնույթ ստացավ 2014-ի հունիսին, երբ երկրի հյուսիսային հատվածը, մասնավորապես մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Ներկայումս ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան պատրաստվում է Մոսուլի՝ ահաբեկիչներից ազատագրման գործողությանը, որին, հավանական է, կմիանա նաև Թուրքիան: Այս պահին, սակայն, հայտնի չէ Թուրքիայի՝ այդ գործողությանը մասնակցելու ձևաչափը:
Pingback: Թուրքիան հայտարարում է ԻՊ դեմ պայքարում Իրաքին օգնելու պատրաստակամության մասին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info
Pingback: ԻՊ-ի դեմ պայքարելու համար Իրաքն օգնություն է խնդրել Թուրքիայից. «Միլլիյեթ» | Ռազմ.info