Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հոկտեմբերի 13-19

Սահմանամերձ Բերքաբեր գյուղի հրավառությունը՝ «գնդակոծում» Ադրբեջանի համար։ Ավտովթարից տուժած զինվորի մասին հայտնում են միայն իր մահից հետո։ Գետաբեկի շրջանում զինծառայողի կասկածելի մահ է գրանցվել։ Սաֆար Աբիևի անվան շուրջ մի քանի սկանդալ է հասունանում։ Ադրբեջանի համազարկային կրակի նոր համակարգը։ Թալիշները՝ ֆրանսիական պարբերականում։

Բերքաբեր գյուղի նոր եկեղեցին։ Հետին պլանում. ջրամբարի ադրբեջանական ափը

Բերքաբեր գյուղի նոր եկեղեցին։ Հետին պլանում. ջրամբարի ադրբեջանական ափը

1. Արցախի Շահումյանի շրջանի՝ ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում՝ Գետաբեկի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով ուղեղի ուռուցքից մահացել է 1992-ին ծնված զինծառայող Ռաջաբով Մուրադ Աքփեր օղլուն։

Հոկտեմբերի 12-ին սահմանապահ պետական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն՝ կենցաղային հողի վրա վեճ է ծագել ոչ թե Աբադ Ֆահրեդդին օղլու Սարդարովի, այլ վերջինիս որդու հետ, որն էլ կրակ է բացել 1990-ին ծնված, Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության լեյտենանտ Ասիմ Ազիզ օղլուի ուղղությամբ։ Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ:

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուն ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարի հետևանքով։ Հոկտեմբերի 17-ին նա մահացել է հոսպիտալում։

2. Ադրբեջանի պաշտպանության նախարարի անվան շուրջ սկանդալներ են հասունանում:
Ադրբեջանի ռազմական փորձագետներից Յաշար Ջաֆարլին հերթական անգամ բարձրաձայնել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի՝ տարբեր բանկերում ունեցած 65 մլն եվրոյի հաշվեհամարների հարցը, ինչն իրականում վաղուց արծարծվող թեմա է։

Ընտրություններից հետո հնարավոր է Սաֆար Աբիևի պաշտոնավորման հարցը կհայտնվի նոր կառավարության օրակարգում:

Սաֆար Աբիևը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ հանդիպման ընթացքում դժգոհելով ընտրություններին ԱՄՆ-ի բացասական արձագանքից:

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի դեսպանատնից հերքել են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը՝ իբր դեսպանը կիսել է Աբիևի կարծիքն ընտրությունների հարցում:

Ադրբեջանի ՊՆ-ն խոստացել է ներկայացնել հանդիպման ձայնագրությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի ներկայացրել:

Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ի վկայությամբ՝ Աբիևն ընտրությունների վերաբերյալ խոսել է ընդամենը որպես քաղաքացի:

Հոկտեմբերի 18-ին Սաֆար Աբիևի անզգույշ խոսքերն արդեն իսկ գրանցել են իրենց բացասական հետևանքները։ Եվրոպական երկրների պատվիրակությունները հետաձգել են իրենց այցերն Ադրբեջան՝ զգուշանալով փակ հադիպումների ձայնագրման հավանականությունից։

3. Ադրբեջանում, ըստ տեղի լրատվամիջոցների, ստեղծել են համազարկային կրակի նոր համակարգ, որը նախատեսվում է 80 մմ տրամաչափի Ս-8 չկառավարվող հրթիռների համար, որտեղ պարզապես Բ-8 տիպի կոնտեյներները փոխարինել են այլ կոնտեյներով։

4. 2014-ին Ադրբեջանը պաշտպանական-անվտանգության գերատեսչությունների ծախսերի համար ծրագրում է հատկացնել 2 մլրդ 967 մլն 831 մանաթ (մոտ 3 մլրդ 798 հազար ԱՄՆ դոլար)։ Դա 2013-ի համեմատ 57 մլն մանաթով (մոտ 73 մլն ԱՄՆ դոլար) ավել է։

5. Հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի եկեղեցու բացման առթիվ հրավառությունը Ադրբեջանի ՊՆ ամփոփագրերում որպես հրադադարի ռեժիմի խախտում և ադրբեջանական դիրքերի գնդակոծում է ներկայացվել։

6. Ֆրանսիական հեղինակավոր առցանց պարբերականներից մեկն անդրադարձել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին՝ դրանց համատեքստում նշելով ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ թալիշների մասին:

7. Հոկտեմբերի 15-ին ձերբակալել են Բաքվի բնակիչ ոմն Սերգեյ Մալիկին, որը ցանկանում էր վաճառել իր մոտ ունեցած նռնակները։ Նրա տան խուզարկման արդյունքում այլ զինամթերք ևս հայտնաբերվել է։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *