Ֆրանսիական պարբերականն անդրադառնում է թալիշներին

Ֆրանսիական հեղինակավոր առցանց պարբերականներից մեկն անդրադարձել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին՝ դրանց համատեքստում նշելով ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ թալիշների մասին:

Ֆրանսիական թերթի անդրադարձը թալիշներին

Ֆրանսիական թերթի անդրադարձը թալիշներին

Անգլալեզու Slate պարբերականի՝ 2006-ին հիմնված ֆրանսիական տարբերակում հոկտեմբերի 15-ին լույս է տեսել վերլուծական հոդված, որը մանրամասնում է, թե ինչու են Արևմուտքին ձեռնտու Ադրբեջանում կեղծված ընտրությունները և Իլհամ Ալիևի պաշտոնավարումը: Որպես փաստարկում՝ հոդվածում ասվում է. «Ադբեջանի բազմազգ բնակչությունը հանդիսանում է Հարավային Կովկասում հակամարտությունների պոտենցիալ աղբյուր: Իրականում Ալիևի ավտորիտար վարչակազմը թաքցնում է էթնիկական համայնքներում ազգային ինքնագիտակցության աննախադեպ վերելքը: Մասնավորապես, դա վերաբերում է 1,5 մլն թալիշներին, որոնք բնակվում են իրանաադրբեջանական սահմանի երկու կողմերում»:

Հոդվածի հեղինակ, Հարավային Կովկասի հարցերով պարբերաբար գրող Լուիս-Անտուան լը Մուլեի կարծիքով՝ 2008-ի օգոստոսին վրաց-օսական պատերազմը հանգեցրեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անջատմանը՝ բացահայտ ցույց տալով Հարավային Կովկասի «բալկանիզացման» սպառնալիքը: «Նման հեռանկարը հաճախ են վերագրում Մոսկվային, որն ավանդաբար հետևում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքին: Վերջերս Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակազմին հաջողվել է խուսափել այդ ճակատագրից: Դա լիովին համապատասխանում է ԵՄ-ի շահերին, որին բնավ անհրաժեշտ չեն իր սահմաններին կից անհավասարակշռության օջախներ»,-մեկնաբանում է հոդվածագիրը:

Նա, ըստ էության, նկատի ունի այն հանգամանքը, որ ԵՄ-ն աչքի չի ընկնում Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ավանդաբար ոտնահարման թեմայի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությամբ, քանի որ փոքրամասնությունների ընդվզումները, հնարավոր է, հանգեցնեն, Ադրբեջանի տարածքի բաժանմանն, ըստ այդմ էլ՝ Իլհամ Ալիևի վարչակազմի ավարտին: Իսկ Ալիևի նկատմամբ ԵՄ-ն վաղուց արդեն համապատասխան լծակներ ունի:

Այնուհանդերձ, մի կողմ դնելով ԵՄ-ի շահերի շրջանակները, կարևորենք, որ այս հոդվածում ուղիղ խոսք է գնում թալիշների ու նրանց թվաքանակի մասին: Նկատենք, որ նշվում է ոչ թե Բաքվի պաշտոնական՝ 256 հազար թալիշ բնակչության, այլ իրականությանը մոտ՝ 1,5 մլն թալիշների մասին:

Սա եզակի հրապարակումներից է արևմտյան հեղինակավոր մամուլում, երբ թալիշներին անդրադառնում են ոչ թե օրինակ թալիշ անհատ լրագրողների կամ գործիչների մասին հրապարակման, այլ էթնիկ խմբավորման հստակ հիշատակման տեսքով: Սա կարող է լինել առաջին քայլերից մեկն Ադրբեջանում ազգային փոքրամասնություններին, առավելապես թալիշներին ու նրանց իրավունքների խախտումներին անդրադարձների ճանապարհին:

Ինչպես գիտենք, ռուսական մամուլն ավելի հաճախ անդրադառնում է լեզգիններին, քանի որ նրանք բնակվում են Ադրբեջանի հետ իր սահմանային շրջաններում, բացի այդ էլ Սամուր գետի ջրի՝ ոռոգման նպատակով օգտագործումը խնդիր է ռուս-ադրբեջանական սահմանում: Այս հատվածում ռուսական անկլավային Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա՝ էթնիկ լեզգիներով բնակեցված գյուղեր են։ Գյուղերի բնակիչները վկայում են, որ ցանկանում են ՌԴ կազմում լինել, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ Ադրբեջանը սպառնում է գյուղացիներին, առանց որևէ պատճառի նրանք ձերբակալվում են և հարկադրում Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ գյուղից։

Արևմուտքն էլ թալիշների մասին հիշատակում է հիմնականում այն դեպքում, երբ այս կամ այն թալիշ լրագրողի դատապարտում են իշխանության դեմ գրելու կամ ազգային պատկանելության համար:

Նշենք, որ այդ անդրադարձները լինում են ոչ թե լրագրողական վերլուծական լուրջ հոդվածների, այլ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների մեջբերման տեսքով, բացի այդ՝ թեման լուսաբանվում է ավելի շատ իր քաղաքական հայացքների, քան թե ազգային պատկանելության համար ազատազրկվելու դիտանկյունից:

Այսպես, The National Press Club հեղինակավոր կազմակերպությունը, որը զբաղվում է մամուլի ազատության հարցերով, հոկտեմբերի 10-ին սուր քննադատություններով է հանդես եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների թեմայի շուրջ՝ կոչ անելով ազատ արձակել թալիշ խմբագիր Հիլալ Մամեդովին։ «Հարկ է նշել, որ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը Մամեդովի ձերբակալությունը որակում է քաղաքական երանգներով դատավարություն, որն ընթացավ վրեժի դրդումներից՝ ուղղված իշխանությանը քննադատող լրագրողի դեմ»,- գրում է The National Press Club -ը։

Այնուամենայնիվ, թալիշների ազգային ինքնագիտակցության վերելքի, ազգային պատկանելության պատճառով Ադրբեջանի պետական մարմինների կողմից հետապնդվելու թեման ապագայում մեծ հավանականություն ունի խորքից և հանգամանորեն լուսաբանվելու արևմտյան լրատվամիջոցներում՝ թեկուզև զանգվածաբար կեղծված նախագահական ընտրությունների թեմայի շարունակության և Իլհամ Ալիևի բռնապետական վարչակազմի խնդիրների համատեքստում:

One response to “Ֆրանսիական պարբերականն անդրադառնում է թալիշներին

  1. Pingback: Ֆրանսիական պարբերականն անդրադառնում է թալիշներին | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *