Երեկ՝ հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի եկեղեցու բացման առթիվ հրավառությունը Ադրբեջանի ՊՆ այսօրվա ամփոփագրերում որպես հրադադարի ռեժիմի խախտում և ադրբեջանական դիրքերի գնդակոծում է ներկայացվել։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ. «երեկ և անցյալ գիշեր Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի դիրքերից … գնդակոծության են ենթարկվել Ադրբեջանի ԶՈւ դիրքերը»։
Հանգամանքների բերումով երեկվանից մինչև այսօր առավոտ Բերքաբերում էին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի թիմերը, որոնց հետ էր նաև Ռազմինֆոյի լրագրող Գարիկ Հարությունյանը։ Մենք կապվեցինք նրանց հետ՝ տեղում տեղեկություններ ստանալու համար։
Պարզվեց՝ հոկտեմբերի 17-ին Բերքաբերում նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցու օծման արարողությունն էր։ Գյուղ էին ժամանել տարբեր միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Գյուղապետի նախաձեռնությամբ երեկոյան ժամերին կազմակերպվեց նաև հրավառություն։
Ռազմինֆոյի հետ հեռախոսազրույցում «Զորակն» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը զարմացավ՝ լսելով Բերքաբերից ադրբեջանական դիրքերը «գնդակոծելու» մասին։ Նրա խոսքերով միակ բանը, որը կարելի էր նմանեցնել կրակոցի ձայնին, հրավառությունն էր, սակայն ադրբեջանցիները չէին կարող դրանք շփոթել, քանի որ հրավառությունը պարզ երևում էր ադրբեջանական կողմից։
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմը փորձել է տոնական հրավառությունը ներկայացնել որպես հրադադարի խախտում։
Մեր խնդրանքով Հ. Հարությունյանն ու «Սահման» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Նազարյանն ուղարկեցին Բերքաբերի հրավառության տեսանյութն ու լուսանկարները։
Այս զավեշտալի միջադեպը կարևոր է, քանի որ հստակ ապացուցում է հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ ամենօրյա ամփոփագրերի, մեղմ ասած, անհուսալիությունը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղն ամբողջությամբ հակառակորդի կրակի գոտում է։
Հավելենք նաև, որ «Ռազմինֆո» լրատվակայքը «Զորակն» հիմնադրամի ծրագրերից մեկն է։