Սաֆար Աբիևի հարցը կհայտնվի նոր կառավարության օրակարգում. Ադրբեջանի փորձագետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնավարման օրինականության խնդիրը վաղուց է ի հայտ եկել։ 63-ամյա նախարարի պաշտոնավարումը, ըստ ադրբեջանցի փորձագետների տեսակետի, հակասում է երկրի սահմանադրությանը։

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահՅաշար Ջաֆարլին հոկտեմբերի 12-ին դիմել էր գլխավոր դատախազ Զաքիր Հարալովին, ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին Սաֆար Աբիևի՝ արտերկրյա բանկերում ունեցած ավելի քան 65 մլն եվրոյի հաշվեհամարների առնչությամբ։ Իր հերթին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր՝ ՊՆ-ն անհրաժեշտ չի համարում մեկնաբանել «մի մարդու անհեթեթ խոսքերը, որը խաղալիք է դարձել տարբեր ուժերի ձեռքերում»։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Այս անգամ նույն թեմայով մեկնաբանություն է տվել մեկ այլ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։ Նա կոչ է արել ուշադրություն դարձնել Յաշար Ջաֆարլիի հայտարարություններին, ստուգել դրանք, իսկ եթե Ջաֆարլին իրոք ունի իր պնդումներն ապացուցող փաստաթղթեր,ապա դրանք պետք է հնարավորինս շուտ փոխանցի դատախազությանը։ «Սաֆար Աբիևի հարցը, միևնույն է, առաջիկայում կհայտնվի նոր ձևավորված կառավարության օրակարգում: Քանի որ պաշտպանության նախարարի պաշտոնը հանդիսանում է երկրի համար ամենակարևոր պաշտոններից մեկը, այն մշտապես հայտնվում է տարբեր քննադատությունների կիզակետում»,-ասել է Ջաֆարովը։

Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրություններից հետո խոսակացություններ են պտտվում Սաֆար Աբիևին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու մասին: Ադրբեջանական լրատվակայքերից մեկն էլ նույնիսկ տեսակետ էր հայտնել, որ Աբիևին պաշտոնանկ կանեն «նոր պատերազմում պարտություն կրելու դեպքում, եթե մինչ այդ շատ լուրջ պատճառներ ի հայտ չգան»:

Աբիևն իրականում պետք է թոշակի անցներ, քանի որ ըստ Ադրբեջանի«Ռազմական պարտավորության ու ռազմական ծառայության մասին օրենքի»՝ նա կարող էր պաշտոնավարել միայն մինչև 60 տարեկանը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Ահունդբալա օղլու Աբիևը ծնվել է 1950-ի հունվարի 27-ին. այսինքն՝ նա ներկայումս 63 տարեկան է։

Ադրբեջանում ռազմական փորձագետների մի մասը զինված ուժերում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման երաշխիք է համարում Աբիևի հրաժարականը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *