Ադրբեջանը քաղում է պաշտպանության նախարարի անզգույշ խոսքերի պտուղները

Նախագահական ընտրություններից հետո պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տխրահռչակ հանդիպումն արդեն իսկ իր բացասական հետևանքներ ունի։ Եվրոպական երկրների պատվիրակությունների այցն Ադրբեջան միգուցե չեղյալ համարվի։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հոկտեմբերի 14-ին ընդունել էր Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին։

Հանդիպման ընթացքում խոսք էր գնացել Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության՝ «ԱՄՆ դեսպանը համաձայնել էր Սաֆար Աբիևի հետ՝ վկայելով՝ «ընտրություններն արդեն անցյալում են, ԱՄՆ-ի քննադատությունը չի ազդում դրանց արդյունքների վրա, և հաղթել է Իլհամ Ալիևը»։

Ընդ որում, ադրբեջանական քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվակայքերն այնուհանդերձ շեշտել էին՝ ԱՄՆ դեսպանը զրույցի ընթացքում այդպես էլ դրական խոսքեր չի ասել ընտրությունների վերաբերյալ, ուղիղ խոսքով չի հայտնել իր անհամաձայնությունը դիտորդական առաքելությունների գնահատականների հետ։

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունն արձագանքել էր Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությանը. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Սաֆար Աբիևի ու ԱՄՆ դեսպանի հանդիպման վերաբերյալ անձնական բնույթի էր։ Հանդիպումը կառուցողական էր, սակայն դեսպանին վերագրվող խոսքերը ստույգ չեն»։

Ադրբեջանի ՊՆ-ից հերթական պատասխանն էր եկել. «Մենք հրապարակել ենք դեսպանի խոսքերն այնպես, ինչպես ասվել է։ Եթե ԱՄՆ դեսպանատունը շարունակի պնդել իր դիրքորոշումը, Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստ է տրամադրել հանդիպմանը դեսպանի խոսքերի ձայնագրությունը»։ Սակայն որևէ ձայնագրություն այդպես էլ չներկայացվեց։

Ավելին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը պարզաբանել է, որ եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությունների այցերն Ադրբեջան հետաձգվել են։ Ադրբեջանի ՊՆ-ն վկայում է, որ դա կապված է «որոշ տեխնիկական խնդիրների հետ», սակայն «Դոկտրինայից» հաղորդում են՝ այցերն ամենայն հավանականությամբ ոչ թե հետաձգվել, այլ չեղյալ են համարվել, իսկ պատճառը Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալիքն է՝ ԱՄՆ դեսպանի հանդիպման ձայնագրությունը տրամադրելու։

«Դոկտրինան» հիշեցնում է, որ համաձայն միջազգային կոնվենցիաների, որոնք ստորագրել է Ադրբեջանը, պաշտոնական Բաքուն, անվտանգության նկատառումներից ելնելով, պարտավորվում է երբևէ չհրապարակել պատվիրակությունների միջև փակ հանդիպումների ժամանակ կայացած զրույցների բովանդակությունը: Այսպիսի հանդիպումներին տեսագրություններ, ինչպես նաև ձայնագրություններ կատարելն անթույլատրելի է:

«Դոկտրինան» կանխատեսում է, որ այս իրադարձությունների ֆոնի վրա կա վտանգ որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարող է կորցնել Արևմուտքի՝ իր նկատմամբ վստահությունը, քանի որ «Արևմուտքում արդեն կարծում են՝ Սաֆար Աբիևի հետ հանդիպումների ժամանակ հարկավոր է առավելագույնս ուշադիր լինել»։

Հավելենք, որ ընթացիկ տարվա վերջին սպասվում է՝ Ադրբեջան պետք է այցելի ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների պատվիրակություն: Այդ այցի օրակարգում ընդգրկված հիմնական թեմաներն են լինելու թերևս Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման կազմակերպումը և Կասպից ծովի էներգետիկ անվտանգության հարցերը:

Համաձայն նույն աղբյուրի՝ ձայնագրության սպառնալիքներից հետո չի բացառվում՝ այս հանդիպումը ևս հետաձգվի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *