[թարմացում] Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրել է ԱՄՆ դեսպանի խոսքերը. ԱՄՆ դեսպանություն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն իրեն շահավետ տեսանկյունից էր մեկնաբանել հանդիպումը։

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթար

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթար

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում խոսք է գնացել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Սաֆար Աբիևը դժգոհել է թե´ ԱՄՆ-ի, թե´ ԵԱՀԿ արձագանքից։

Սաֆար Աբիևը սկսել է զուգահեռներ անցկացնել Հայաստում 2008-ին կայացած ընտրությունների հետ՝ թե իբր ինչու այդ ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը չարձագանքեց «հարկ եղած ձևով»։

Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության՝ «ԱՄՆ դեսպանը համաձայնել էր Սաֆար Աբիևի հետ՝ վկայելով՝ «ընտրություններն արդեն անցյալում են, ԱՄՆ-ի քննադատությունը չի ազդում դրանց արդյունքների վրա, և հաղթել է Իլհամ Ալիևը»։

Ընդ որում, ադրբեջանական քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվակայքերն այնուհանդերձ շեշտել էին՝ ԱՄՆ դեսպանը զրույցի ընթացքում այդպես էլ դրական խոսքեր չի ասել ընտրությունների վերաբերյալ, ուղիղ խոսքով չի հայտնել իր անհամաձայնությունը դիտորդական առաքելությունների գնահատականների հետ։ Ավելին, ԱՄՆ դեսպանությունը մամուլի հաղորդագրություն չի հրապարակել հանդիպման վերաբերյալ և նույնիսկ չի մեկնաբանել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը։

Արդեն իսկ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությանը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Սաֆար Աբիևի ու ԱՄՆ դեսպանի հանդիպման վերաբերյալ անձնական բնույթի էր։ Հանդիպումը կառուցողական էր, սակայն դեսպանին վերագրվող խոսքերը սռույգ չեն»,-ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։

Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արձանագրել էր՝ թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում լուրջ խոչընդոտներ գոյություն ունեն, իսկ հոկտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մերի Հարֆը հայտարարել էր. «Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»։

[թարմացում] Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությանը. «Մենք հրապարակել ենք դեսպանի խոսքերն այնպես, ինչպես ասվել է։ Եթե ԱՄՆ դեսպանատունը շարունակի պնդել իր դիրքորոշումը, Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստ է հանդիպմանը դեսպանի ձայնագրությունը տրամադրել»,-ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *