Ամերիկյան Popular Mechanics ամսագիրը հրապարակել է 2013-ին առավել նորարարական նախագծերի մշակմամբ ու ի կատար ածմամբ զբաղվող խմբերի և թիմերի անվանացանկը, որտեղ էլ 6-րդ տեղը գրավել է ամերիկյան տախտակամածային անօդաչու թռչող սարքը՝ X-47B UCAS-D-ը։
Նշենք, որ X-47B տախտակամածային ԱԹՍ-ն առաջին ավտոմատ վայրէջքը «Ջորջ Բուշ» ավիակրի տախտակամածին իրականացրել է 2013-ի հուլիսի 10-ին։
Այս նախագիծը մշակվել է ԱՄՆ ՌԾՈւ-ի և Northrop Grumman ամերիկյան ընկերության համատեղ ուժերով։ UCAS-D նախագծի ղեկավարները ՌԾՈւ-ի կողմից կապիտան Ջեյմս Էնգդալն է ու Դոն Բլոտտենբերգն են, իսկ Northrop Grumman-ի կողմից՝ Կառլ Ջոնսոնն ու Թիմ Քեսեքերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ՌԾՈւ-ն և ամերիկյան Northrop Grumman ընկերությունը հուլիսի 15-ին իրականացրել էին X-47B UCAS-D ԱԹՍ-ի չորրորդ փորձնական վայրէջքը, որն անհաջող արդյունքներ էր գրանցել, որոնց պատճառը չափիչ սարքում առաջ եկած «աննշան թերացումներն էին»։
Հաշվի առնելով չորրորդ և դրան հաջորդող մի քանի փորձարկումների ընթացքում ի հայտ եկած բացթողումները՝ ԱՄՆ ՌԾՈւ-ն որոշում էր կայացրել երկարաձգել X-47B UCAS-D տախտակամածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումների ծրագիրը։ Northrop Grumman ընկերության՝ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ուոլթ Քրայթլերի խոսքերով՝ երկարաձգված ծրագրում կարող են ընդգրկվել օդում վերալիցքավորման ու մի շարք այլ գործառույթների սարքավորումների տրամադրումը և փորձարկումը։
Ենթադրաբար, փորձարկումների երկարաձգումը կհանգեցնի ԱՄՆ ՌԾՈւ-ի կողմից X-47B նախագծին ավելի մեծ գումարների տրամադրմանը։ Այնուհանդերձ, նպատակահարմար է փորձարկումների ընթացքում ծախսել նյութական միջոցներ, որպեսզի հետագայում ԱԹՍ-ի հետ խնդիրներ չառաջանան, ու հարկ չլինի պարբերաբար փորձարկել՝ աստիճանաբար վերացնելու համար առկա թերացումները։
Հավելենք, որ X-47B ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական գործողությունների և վերերկրյա թիրախների խոցման համար։ Թևերի բացվածքը կազմում է 19 մ, կշիռը՝ մոտ 6,35 տոննա, թռիչքի բարձրությունը՝ 12,2 հազար մ, թռիչքի երկարությունը՝ շուրջ 4 հազար կմ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,4 մլրդ դոլար։