ՌԴ օդաչուները վարժանքների համար օգտագործելու են «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանը

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի օդաչուները վարժանքների համար այսուհետ կիրառելու են ՀՀ ԶՈւ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանը։«Էրեբունի» օդանավակայանը

Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին «Էրեբունի» օդանավակայանում հոկտեմբերի 18-ին Հայաստանում՝ ՌԴ զինված ուժերի 3624-րդ ավիաբազայի 15-ամյակի տոնակատարության ժամանակ լրագրողներին հայտնել է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանի համատեղ օգտագործման համար։

Ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը «Նովոստի Արմենիա» լրատվակայքի հետ զրուցյում ասել է. «Մինչ այժմ ռուս օդաչուներն ուսումնական թռիչքներ էին կատարում «Էրեբունի» օդանավակայանից, սակայն վարժանքների ընթացքում հրթիռների արձակում, ռմբակոծում չէինք իրականացնում, հարկադրված էինք դրանք կատարել ՌԴ տարածքի զորավարժարաններից մեկում, իսկ այժմ կարող ենք օգտագործել «Մարշած Բաղրամյան» զորավարժարանը։

Որոշում է կայացվել նաև, որ առաջիկայում «Էրեբունի» ավիաբազայում շուտով կործանիչների էսկադրիլիայից զատ ձևավորվելու է ուղղաթիռների էսկադրիլիա»։

Նշենք, որ ռուսական ավիաբազան տեղակայված է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում և հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազային կից ավիաբազան։

Ռուսական ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *