Հրապարակվել է տարվա սկզբից Ադրբեջանի ԶՈւ կորուստների թիվը

Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» ադրբեջանական կենտրոնը հերթական անգամ հրապարակել է ընթացիկ տարում ուժային կառույցներում Ադրբեջանի կորուստների թվի վերաբերյալ զեկույցը։

Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում «Դոկտրինան» հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանական-անվտանգության կառույցները տարվա սկզբից մինչ օրս գրանցել են 73 զոհ, 78 վիրավոր։

Ըստ նույն աղբյուրի՝ նշված զոհերից 9-ը մահացել են «հայկական կողմից բացված կրակի հետևանքով», սակայն ինչպես Ռազմինֆոյին բազմիցս հայտնել են ՀՀ ՊՆ-ից, հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը, և Ադրբեջանի նման հայտարարություններն ապատեղեկատվություն են։

Ինչպես նախորդ զեկույցներում, այնպես էլ այս անգամ «Դոկտրինան» հատուկ ընդգծում է՝ կարևոր է «Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռագիլ Արազխան օղլու Ամիքիշինևի՝ անհայտ պայմաններում մահվան հանգամանքների բացահայտումը»։

Հիշեցնենք, որ կուրսանտը մահացել էր 2013-ի մարտի 2-ին անհայտ հանգամանքներում։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը միայն նշել էր, որ կուրսանտը «հանկարծամահ է եղել», սակայն հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին։

Նշենք` «Դոկտրինան» վկայում է, որ 73 զոհերից 64-ը ոչ մարտական են պայմաններում կորուստներն են, որոնցից 13-ը՝ ավտովթարների, 3-ը՝ ուղղաթիռի կործանման, 3-ը՝ անհայտ պատճառներով, 2-ը՝ անզգուշության, 2-ը՝ քաղաքացիական անձերի հետ վեճի, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 10-ը՝ հիվանդության, 16-ը՝ ինքնասպանության հետևանքով զոհվածներն են։

Ընդ որում, 56-ը ՊՆ-ի, 4-ը՝ սահմանապահ պետական ծառայության, 9-ը՝ ներքին զորքերի, 1-ը՝ պետական պարեկային հատուկ ծառայության, 2-ը՝ ԱԻՆ-ի զինծառայողներ են։

78 վիրավորներից 13-ը տուժել են ոչ կանոնադրական հարաբերությունների, 6-ը՝ ինքնասպանության փորձի, 4-ը՝ քաղաքացիական անձերի հետ վեճի, 9-ը՝ «հայկական կողմից արձակված կրակի» (ՀՀ ՊՆ-ն նշել է, որ նման լուրերն ապատեղեկավտություն են), 1-ը՝ ականի պայթյունի, 4-ը՝ դժբախտ պատահարների (վերելակի հորանի մեջ է ընկել, հրդեհ, պայթյուն և այլն), 41-ը՝ ՃՏՊ-ի հետևանքով։ Նրանցից 54-ը ՊՆ-ի, 6-ը՝ սահմանապահ պետական ծառայության, 18-ը՝ ներքին զորքերի զինծառայողներ են։

Ադրբեջանի մարտական և ոչ մարտական կորուստների իրական թիվը պարզելը գրեթե անհնարին է, քանի որ ադրբեջանական կողմը ոչ բոլոր կորուստների փաստերն է հրապարակում։ «Դոկտրինա» կենտրոնի զեկույցներն Ադրբեջանի ԶՈւ կորուստների վերաբերյալ մեզ համար դեռևս միակ հասանելի և քիչ թե շատ վստահելի բաց աղբյուրն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *