Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 մարտի, 2016

Հակառակորդը սրել է առաջնագծի իրավիճակը, հայկական կողմից վիրավորվել է 2 քաղաքացի • Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ օպերատիվ հավաքների մեկնարկին • Պաշտպանության նախարարն այցելել է Նախիջևանի սահման • ԱԺ ներկայացուցիչներն այցելել են Տավուշի սահմանային դիրքեր, սահմանամերձ գյուղեր • ՀՀ ԶՈւ-ն երկու զինծառայող է կորցրել • Կաշառակերության երկու դեպք  է բացահայտվել • Վարժանքներ են սկսվել ՌԴ 102-րդ ռազմաբազայում

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ

• Մարտի 25-26-ին Ադրբեջանը Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում և ՊԲ պատասխանատվության գոտում, ինտենսիվորեն կիրառվել է ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետներ և TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Կրակոցներից և արկակոծումից վիրավորվել են քաղաքացիականներ՝ Տավուշի Բերքաբեր գյուղի բնակիչ Նորիկ Ալիխանյանը և Արցախի Թաղավարդ գյուղի բնակիչ Երվանդ Կարոյի Փիրումյանը։

• Մարտի 21-ին ՀՀ ՊՆ-ում սկսվել են ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքները, որոնց մեկնարկին ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը։ Հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը:

«Տարեվերջին ՀՀ զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ», — իր ելույթում ասել է նախագահ Սարգսյանը։

• Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումներ, ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինժեներական և ամրաշինական կառույցների վիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում:

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Նախիջևանի սահմանային դիրքեր

• Մարտի 19-ին ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Տավուշի սահմանային դիրքեր, սահմանամերձ գյուղեր՝ քաղաքացիական և տարածքային պաշտպանության շրջանակներում սահմանամերձ համայքների բնակչության ընդհանուր պաշտպանվածության աստիճանը գնահատելու, ԶՈւ մարտական պատրաստականությանը ծանոթանալու համար։

• Մարտի 24-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգարանում ճակատին ստացած հրազենային վիրավորումից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանը:

• Մարտի 22-23-ի գիշերը Մասիս-Էջմիածին ճանապարհին ավտովթարի պատճառով մահացել են ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Արսեն Հովսեփյանը և մեքենայի մյուս երկու ուղևորները։

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում:

ՀՀ ԶՈւ զինծառայողը՝ հայկական սահմանը հսկելիս

• ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ Սամվել Խաչատրյանին և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ընկերությունից 5 մլն դրամ կաշառք ստանալու և դրա դիմաց խախտման մասին չհայտնելու համար:

• ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բուժծառայության կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ ժամկետային զինծառայողին հոսպիտալ ստացիոնար բուժման ընդունելու դիմաց կաշառք ստացանալու համար։

• ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթահրթռիային և հատուկ նշանակության ստորաբաժանումների շուրջ 600 զինծառայող վաշտային մարտավարական մեկամսյա վարժանքներ է սկսել Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում: Ռազմաբազայի ևս 300 հետախույզ զինծառայող «Փամբակ» զորավարժարանում սկսել է մարտավարական հատուկ վարժանքներ:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *