Այսօր` մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը մահացել է Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է զինծառայողի մահվան լուրը՝ ցավակցություն հայտնելով զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Զինծառայող Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում:
Քննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։
[Լրացում] 2017 թվականի մարտի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բացահայտվել են համածառայակիցների կողմից Համբարձումյանին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։
Ժամկետային զինծառայող Համբարձումյանը գլխի ճակատային շրջանում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է 2016թ. մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմաններում՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգարանում, ով Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել հրաձգարանի՝ զենքի նորմալ նշանազարկի բերման կետում ԱԿ-74 տեսակի զենքով կրակոց արձակելու միջոցով։
Իրականացվածքննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. հունվարի սկզբներից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Չիչակյանը պարբերաբար անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել Ս.Համբարձումյանին, հանձնարարել կատարել ծառայողական պարտականություններից չբխող, նրա համար տհաճ աշխատանքներ, տարբեր առիթներով վիրավորել՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:
Պարզվել է նաև, որ նույն զորամասի հրաձգային գումարտակի կապի դասակի ավագ հեռախոսավար, կոչումով կրտսեր սերժանտ Իգիթյանն իր փոխարեն զորանոցի տարածքը մաքրելու համար դիմել է շարքային Համբարձումյանին: Երբ վերջինս հրաժարվել է, Իգիթյանը վիրավորել է նրան, ինչից հետո Համբարձումյանը կատարել է նշված աշխատանքը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Չիչակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), 358.1-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Իգիթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։