ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստվել են Վրաստանում • Հայկական զինուժը երեք զինծառայող է կորցրել շաբաթվա ընթացքում • Հայաստանում բացվել է մարդասիրական արձագանքման կենտրոն • Կառավարության որոշմամբ վնասվածքի պատճառով զորացրված, բայց հաշմանդամ չճանաչված անձինք կօգտվեն բժշկական անվճար օգնությունից • ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում են անցկացրել Տավուշում • ԱԱԾ-ն ձերբակալել է «բարձրաստիճան զինվորականների» անունից շորթում կատարած անձին • ՆԱՏՕ խորհրդատվական խումբն ամփոփել է ՀՀ ՌՈւՀ-երի հետ համագործակցությունը • Ամփոփվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության 2015թ. աշխատանքները • Վարժանքներ են սկսվել ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում և ավիաբազայում
• Մարտի 11-ին Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ-ի ծրագրով Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցել են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։
• Մարտի 14-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում ինքնասպան է եղել զինծառայող Կամո Մարտիրոսյանը: Մարտի 17-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Արտյոմ Վարդերեսյանը: Նույն օրը ՊԲ մեկ այլ զորամասի պահպանության տեղամասում ծառայակցի կրակոցից մահացել է զինծառայող Հովհաննես Հարությունյանը:
• Մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում բացվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը զբաղվելու է արտակարգ իրավիճակների կանխարգելմամբ, դրանց հետևանքների վերացմամբ: Կենտրոնի համար տարածքը տրամադրել է Հայաստանը, իսկ Ռուսաստանն այն հագեցնելու է համապատասխան տեխնիկայով, այդ թվում՝ ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով և այլն:
• Մարտի 17-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, կազմված վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն և սպասարկում:
• Մարտի 17-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի Կիրանց գյուղի ուղղությամբ։ Դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել։
• ՀՀ ԱԱԾ-ն մարտի 16-ին ձերբակալել է Համլետ Ռաֆիկի Ղազարյանին, ով Արցախի տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին Հայաստանի այլ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, տևական ժամանակ խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են:
• Մարտի 14-17-ին ՆԱՏՕ և ԳհԽ հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը Երևանում ամփոփել է ՀՀ ՌՈւՀ-երի և ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2015թ. համագործակցության ծրագրերն ու համաձայնեցրել է փոխգործակցության հետագա ուղիները։
• Մարտի 16-ին ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են ԶՈւ ռազմաբժշկական ծառայության՝ 2015թ. աշխատանքների արդյունքները։
• Մարտի 18-ին մեկնարկել են «Էրեբունիի» ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուների և բորտ-տեխնիկների` լեռնային պայմաններում Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներով անցկացվող ուսումնական պարապմունքները: Ավելի վաղ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի շուրջ 300 հետախույզներ «Փամբակ» զորավարժարանում սկսել են լեռնագնացության մեկշաբաթյա վարժանքներ:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։