Կալանավորվել է զինծառայողին հոսպիտալ «տեղավորելու» համար կաշառք ստացած բժիշկը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բուժծառայության կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Սիմոնյանը՝ որպես ուռոլագիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, ծառայել է զորամասերից մեկում և ունեցել նույն բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ինչպես նաև բաժանմունքի բուժքույրերին բուժվող զինծառայողների բուժման և հետվիրահատական շրջանում նրանց խնամքի հետ կապված ցուցումներ և հանձնարարություններ տալու կարգադրիչ լիազորություններ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հերթական արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողին բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման ընդունելու համար պահանջել և զինվորական հոսպիտալի իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերով կաշառք, որից հետո իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ այլ բժշկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Խ.Խաչատրյանին ստացիոնար բուժման ընդունելու շուրջ:

Արդյունքում՝ զինծառայողը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կողմից տրված ուղեգրի հիմքով ստացիոնար բուժման է ընդունվել ՀՀ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ, իսկ որոշ ժամանակ անց ստացիոնար բուժման ընդունվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի թռիչքային փորձաքննությունների բաժանմունք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մարտի 24-ին Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը. պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

One response to “Կալանավորվել է զինծառայողին հոսպիտալ «տեղավորելու» համար կաշառք ստացած բժիշկը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *