Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, 2015-ի օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 4-ն էլ զինված ուժերի զինծառայողներ էին և սպանվել են հայկական կողմի գնդակից։
Հարկ է նշել նաև, որ արձանագրված 4 կորուստներից Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել ոչ մեկի մասին։
Օգոստոսի լույս 1-ի գիշերը շփման գծի Ֆիզուլու հատվածում հայկական գնդակից սպանվել է Շաքիից զորակոչված ժամկետային զինծառայող Իսմայիլով Սարխանը (İsmayılov Sərxan)։ Ադրբեջանի պաշտոնական լրահոսում չի նշվել այս մասին։
Օգոստոսի 11-ին Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ արևահարումից մահացել է Շահբուզի շրջանում (Նախիջևան) տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անար Մամեդովը (Anar Məmmədov)։ Տեղեկություննն այս կորստի մասին ևս ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։
Օգոստոսի 14-ին Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում մահացել է դրանից դեռևս 3 օր առաջ Աղդամի հատվածում հայկական գնդակից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլուն (Osmanov İbrahim İsmayil oğlu)։ Ավելի ուշ Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ ենթասպա Օսմանովը դիպուկահար էր, դիպուկահարային դասակի հրամանատար, ինչը խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ նա սպանվել է Պաշտպանության բանակի կանխարգելիչ գործողությունների արդյունքում։ Այս կորստի մասին նույնպես չի նշվել Ադրբեջանի պաշտոնական լրահոսում։
Օգոստոսի 20-ին հայտնի է դարձել, որ հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, Սիյազանի շրջանի Դաղ-Գուշչու գյուղում ծնված Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն (Şahkərəmov Ağadadaş Şahkərəm oğlu)։ Սպանվածին հուղարկավորել են օգոստոսի 19-ին։ Ադրբեջանի պաշտոնական լրահոսը լռել է նաև այս կորստի մասին։
–
Սեպտեմբերի 3-ին Ռազմինֆոն հայտնել էր, որ օգոստոսի 28-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկում հրազենային վիրավորումից սպանվել է 1991-ին ծնված Օրխան Յագուբովը։ Ավելի ուշ հրապարակվել էր որպես սպանված Յագուբով ներկայացվող անձի լուսանկարը՝ ձեռքին պահված այդ օրվա ամսաթիվը։ Իսկ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել և հերքել իր զինծառայողի մահվան լուրը։
Ադրբեջանական կողմը, սակայն, սրանով անուղղակիորեն հաստատել է այն բոլոր կորուստները, որոնց մասին հերքում չի ներկայացրել։
–
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info