Ադրբեջանում ընթացող զորավարժությունն այս անգամ ևս անցկացվում է Վիեննայի փաստաթղթի խախտմամբ

Սեպտեմբերի 6-ին մեկնարկած զորավարժության սցենարի համաձայն` Ադրբեջանում սեպտեմբերի 8-ին իրականացվել է մասնակից զինծառայողների, զրահատեխնիկայի, հրթիռների, հրետանու, մատակարարման և այլ ստորաբաժանումների մասշտաբային տեղաշարժ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Նույն օրը զորավարժության վայրում է եղել Ադրբեջանի պաշտպանութլյան նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ով դաշտային պայմաններում ստուգել է զինտեխնիկայի և անձնակազմի մարտական պատրաստվածությունը, իսկ այնուհետև գլխավոր հրամանատարական կենտրոնում դաշտային պայմաններում կազմակերպված հանդիպման ժամանակ լսել հրամանատարների ու զորամասերի ղեկավարների զեկույցները՝ զորավարժությունների շրջանակներում իրականացված ծրագրերի ու որոշումների վերաբերյալ։

Հատկանշական է, որ Ադրբեջանն այս զորավարժությունը ևս կազմակերպել է միջազգային նորմերի խախտումներով։ Մասնավորապես անտեսվել է Վիեննայի 2011-ի փաստաթուղթը, որով սահմանվում է՝ մասնակից պետությունները (այդ թվում նաև Հայաստանն ու Ադրբեջանը) պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև 9000 մարդ` ներառյալ ապահովման ուժերը, կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 մարտական զրահապատ մեքենաներ (ՄԶՄ) կամ մինչև 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (100 մմ և ավելի տրամաչափի) ներառող բոլոր զորավարժությունների մասին: Ընդ որում, եթե տվյալ մասշտաբի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ:

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության՝ ընթացող հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում են 65 հազար զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, ՌՕՈւ շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, ՌԾՈւ 20 նավ, կատեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր։ Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած նկարներից երևում է, որ վարժանքներին մասնավորապես մասնակցում են «Գրադ» և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Պիոն» և «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր և այլ տեխնիկա։

Ադրբեջանի կազմակերպած զորավարժությունը գերազանցում է փաստաթղթի նշած սահմանաչափերը, և ադրբեջանական կողմը պարտավոր էր տեղեկացնել Վիեննայի փաստաթղթի մասնակից պետություններին։

Վերոնշյալի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռաուստածրագրի հարցին, «Արմենպրեսի» փոխանցմամբ նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ­-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են: Ինչ վերաբերվում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *