2013-ին Հայաստանի 5 կարևորագույն ռազմական իրադարձությունները (վիդեո)

Ռազմինֆոն առանձնացրել է 2013 թվականի կարևոր ռազմական իրադարձությունները՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի վրա կրակը, խոշոր զորավարժությունները, հայ ռազմագերու դեպքը, վիճակահանությամբ զորակոչը, սպառազինության արդիականացման վերաբերյալ լուրերը։

Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-ի

Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-ի

Ադրբեջանական կրակը ԲերդԻջևան ավտոճանապարհի վրա

Հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող զոհվել էր, 3 հոգի՝ վիրավորվել։ Միջադեպից հետո ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակվել էին՝ անվտանգության աշխատանքներ կատարելու համար։

Խոշոր զորավարժություններն ու Հայաստանում առաջին տանկային բիաթլոնը

Հոկտեմբերի 8-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության,  ոստիկանության և ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է «Արձագանք-2013» զորավարժությունը։ Զորավաժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ: Մինչև բուն փուլին անցնելը զորավարժության ժամանակ փորձարկվեց հոգեբանական հաղթահարման արգելագոտի կոչվող վարժարանը, իսկ օրն եզրափակվեց զորավարժության ակտիվ փուլով, որը ղեկավարում էր երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը։

Սցենարի համաձայն` հայկական կողմը պայմանական հակառակորդի հարվածները կանխում էր կանխարգելիչ հարվածներով և անցնում է հարձակման` գրավելով հակառակորդի կարևոր բնագծերը:

Զորավարժության նպատակն էր՝ ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը։

Մեկ ամիս անց խոշոր զորավարժություն էր նաև Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում Առաջին անգամ ներկայացվեց մարտարշավային զորախմբի մոդելը։ Զորավարժությունը հատկապես նշանակալի է նրանով, որ հայկական միավորումները կատարում էին զուտ հարձակողական գործողություններ։

Պաշտպանության բանակի խոշոր զորավարժությանը կից անցկացվեց նաև տանկային բիաթլոն մրցույթը, որին մասնակցում էին Տ-72 տանկերից կազմված 3 թիմեր։ Դրանցից ամեն մեկը ստացել էր հայոց եռագույնի մի գույնը։ Թիմերը 3 շրջան  են կատարել, որոնց ժամանակ մարտական հրաձգությամբ խոցել են թիրախներ։

Հայ ռազմագերին՝ Ադրբեջանում

Օգոստոսի 8-ից  1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով  հատել է հայ-ադրբեջանական շփման գիծն ու  հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ 11 օր անց ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի  ներկայացուցիչներն այցելեցին Հակոբին ու նրա հարազատներին ուղարկեցին առաջին նամակը, որտեղ Հակոբը նշում էր, որ ինքը լավ է։ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ Հակոբը կարող է հանգիստ հայրենիք վերադառնալ։ Նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել և չի էլ հարուցվելու։

Խախտելով Ժնևյան կոնվենցիայի կետերը՝ Ադրբեջանը հայ ռազմագերուն հագցրեց ադրբեջանական զինված ուժերի համազգեստ, վերցրեց անձնականի իրերից ակնոցը  (Հակոբը տեսողության խնդիր ունի)։ Իսկ իր և հայ հասարակության համար ռազմագերուն «հարցազրույցներ» պարտադրեցին։ Այդ ընթացքում երրորդ երկիր տեղափոխվեց ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը։

Սպառազինության արդիականացումներն ու վերանորոգումները (հավաքական)

Դեկտեմբերի 2-ին ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» հրապարակեց իր  ամենամյա զեկույցը, որտեղ ուշագրավ տվյալներ կային նաև հայկական սպառազինության մասին։ Ըստ զեկույցի տվյալների՝ Լեհաստանը 84 միավոր Տ-72 հայկական տանկեր պիտի արդիականացնի  մինչև PT-72U մակարդակի։ Պայմանագրով նախատեսված է, որ 84 տանկերից 24-ն արդիականացվելու են 2013-ի ընթացքում, 30-ական տանկ էլ արդիականացվելու են 2014 և 2015 թվականներին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 100 մլն ԱՄՆ դոլար է։

Նույն զեկույցը հրապարակել է նաև, որ Հայաստանի զինված ուժերի 50 միավոր ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ վերանորոգվում են Ռուսաստանում։ Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 10 մլն ամերիկյան դոլար է։
Նշենք, որ ՊՆ-ից վերոնշյալ տեղեկությունները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են։

Ձմեռային զորակոչը՝ վիճակահանությամբ

2013 թվականի ձմեռային զորակոչն իրականցվում է վիճակահանությամբ։ Զորակոչիկները կենտրոնական հավաքակայանում անցնում էին մի քանի սենյակներով, որտեղ համապատասխան ստուգումներ անցնելուց հետո մասնակցում էին բուն վիճակահանությանը։ Իսկ մինչ այդ  բժշկական հանձնաժողովի նախագահի սենյակում նորից նայում էին տղաների անձնական գործերը, որից հետո նրանց տրվում էր հատուկ թերթիկներ՝ «Ը», «Մ», «Ա» գրությամբ։ Վիճակահանության ողջ ընթացքը տեսաձայնագրվում էր, ինչպես նաև պաշտպանության նախարարությունը հնարավորություն էր տվել զորակոչիկների ծնողներին ներկա լինել ընթացքին։

Երեք թմբուկ փակ ծրարներով դրված էին սեղաններին։ Տղաները հերթով մոտենում, թմբուկներից հանում էին իրենց զորամասի թիվը, ցուցադրում տեսախցիկին, որից հետո միայն իրենց զինվորական գրքույկներում ամրագրվում էր զորամասի անունը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել էր, որ վիճակահանությունը թույլ է տալու զորակոչի գործընթացն ավելի թափանցիկ անցնի։

Հավելյալ. «Սմերչ»՝ Հայաստանում

Ռազմինֆոն, հայաստանյան իրադարձություններից բացի, առանձնացրել է ևս մեկը, որը եղել է Հայաստանի տարածքում։

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ ունի։ Սմերչ կայանը հստակ երևում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրի այցի մասին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում, ինչպես նաև մի քանի տեսառեպորտաժներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *