Կալաշնիկովը տարակուսանքի նամակ է գրել ռուսաց պատրիարքին

Կալաշնիկով ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը, ով մահացավ 2013-ի դեկտեմբերի 23-ին, իր մահից մոտ կես տարի առաջ՝ ապրիլին, նամակ է գրել Համայն ռուսիո պատրիարք Կիրիլին, որում կիսվել է իր ապրումներով և հայտնել իր տարակուսանքը։ Նամակը հասանելի է դարձել ռւոսական Իզվեստիա պարբերականին։

հատված՝ պատրիարք Կիրիլին գրված Կալաշնիկովի նամակից

հատված՝ պատրիարք Կիրիլին գրված Կալաշնիկովի նամակից

«Իմ հոգևոր ցավն անտանելի է, անընդմեջ միևնույն անպատասխան հարցը. եթե իմ ինքնաձիգը զրկել է մարդկանց կյանքից, ուրեմն ես՝ Միխաիլ Կալաշնիկովս, լինելով քրիստոնյա և ուղղափառ իմ հավատքում, և՞ս մեղավոր եմ մարդկանց մահվան համար՝ թեկուզ թշնամիների», ”  հարցնում է Կալաշնիկովը պատրիարքին։ Իր հետագա խոսքում լեգենդար կոնստրուկտորը բարօրություն և հավիտենական խաղաղություն է մաղթում պատրիարք Կիրիլին։

Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ նամակ Կալաշնիկովն իսկապես գրել է, և պատրիարքը նույնիսկ պատասխանել է նրան։ Վոլկովը նշել է, որ ի պատասխան Կիրիլը շնորհակալություն է հայտնել ուշադրության և իր դիրքորոշման համար ու ասել, որ Միխայիլ Կալաշնիկովը մարմնավորել է հայրենասիրությունն ու ճիշտ դիրքորոշումը հայրենիքի նկատմամբ։

Որպես մխիթարանք, պատրիարքը հիշեցրել է, որ եկեղեցին ունի հստակ մոտեցում այս հարցում և աջակցում է զինծառայողներին, ինչպես նաև զենքը ստեղծողին, երբ այն օգտագործվում է հայրենիքի պաշտպանության համար։ Վոլկովը հավելել է, որ Կալաշնիկովն այդ զենքը ստեղծել է իր հայրենիքի պաշտպանության համար, այլ ոչ նրա, որ Սաուդյան Արաբիայի ահաբեկիչներն օգտագործեն դա։

Ուշագրավ է նաև այն, որ իր նամակում Միխայիլ Կալաշնիկովն անդրադարձել է հայրենական հրազենային զենքի կարողություններին, որի թերություններն ինքը ստիպված է եղել զգալ իր վրա 1941-ին։ «Բայց ինչպե՞ս ստացվեց, որ նման կայսրությունն ուներ պաշտպանական արդյունաբերության, կոնստրուկտորական ավանդույթների և հրազենային զենքի նման հրաշալի նմուշներ, իսկ հայտնվելով մարտի դաշտում` ես և իմ մարտական ընկերները չկարողացանք պաշտպանել մեզ։ Մենք չունեինք ինքնաձիգեր և գնդացիրներ, միակ հույսը Մոսինի լեգենդար հրացանն էր, որից երեք հոգուն բաժին էր հասնում մեկ հատ», ”  իր հուշերն է մեջբերում կոնստրուկտորը։

Հավելենք, որ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլին հասցեագվրած նամակը գրված է տպագրական մեքենայով, իսկ վերջում դրված է Կալաշնիկովի ձեռագիր ստորագրությունը։

Հիշեցնենք նաև, որ ՌԴ հերոս, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովը մահացավ 2013-ի դեկտեմբերի 23-ին՝ 94 տարեկան հասակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *