—Կուզենայի տանկիստ լինել։
—Ես՝ դիպուկահար։
—Դե ուր էլ տանեն, մեկ է` 2 տարի ենք ծառայելու։
Ռազմինֆոյի հետ զրույցում ասում էին կենտրոնական հավաքակայանից զինված ուժերի զորամասեր մեկնող զորակոչիկները։
Անհանգստություն, մի փոքր վախ ու արդեն կարոտ։ Մի անգամ էլ հրաժեշտ են տալիս ծնողներին և մտնում դռներից ներս։
Ներսում զորակոչիկներն անցնում էին մի քանի սենյակներով։ Բժշկական հանձնաժողովի նախագահի սենյակում նորից նայում էին տղաների անձնական գործերը, որից հետո նրանց տրվում էր հատուկ թերթիկներ՝ «Ը», «Մ», «Ա» գրությամբ։ «Ը»-ն ընդհանուրն էր, «Մ»-ն մասնագետները՝ վարորդ, մեխանիկ վարորդ, կապի մասնագետներ, իսկ «Ա»-ն արտոնություն ունեցողներին էր տրվում։
Դրանից հետո զորակոչիկները մտնում էին վիճակահանության սենյակ։
Նշենք, որ վիճակահանության ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, ինչպես նաև պաշտպանության նախարարությունը հնարավորություն է տվել զորակոչիկների ծնողներին ներկա լինել ընթացքին։
Երեք թմբուկ փակ ծրարներով դրված էին սեղաններին։ Տղաները հերթով մոտենում, համապատասխանաբար «Ը», «Մ», «Ա» թմբուկներից հանում էին իրենց զորամասի թիվը, ցուցադրում տեսախցիկին, որից հետո միայն իրենց զինվորական գրքույկներում ամրագրվում էր զորամասի անունը։
Լրագրողների հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը նշեց, որ այս պահի դրությամբ բանակին անհրաժեշտ են վարորդներ, մեխանիկ-վարորդներ, կապի մասնագետներ։
«Համապատխան վայրերում մենք զորակոչիկների վերապատրաստում ենք իրականացնում, որից հետո որպես մասնագետ զորակոչում բանակ»,- նշում է Լյովա Մնացականյանը։
Ռազմինֆոն զրուցեց նաև Ռազմաբժշկական վարչության գլխավոր թերապևտ, բժշկական ծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանի հետ։ Ըստ բժշկուհու` նրանք հավաքակայանում մեկ անգամ ևս հարցնում են առողջական վիճակի մասին։
«Արտաքին զննում ենք անում, անձնական գործերն ենք նորից հետազոտում։ Միանշանակ դրական է ընթանում պրոցեսը։ Յուրաքանչյուր նորակոչիկի անհատական մոտեցում է ցուցաբերվում»,- նշում է Գայանե Ղուկասյանը։
Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչպես են վերահսկում զորակոչիկների ինքնազգացողությունը պատվաստելուց հետո, երբ նրանք արդեն ավտոբուսներ են նստում, ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը պատասխանեց.«Պատվաստելուց հետո նորից է ջերմաչափում կատարվում, ավտոբուսները նստեցնելուց առաջ էլ հարցնում ենք ինքնազգացողության մասին։ Ցուցում է տրվում բոլորին, եթե ճանապարհին ինչ-որ մեկի մոտ ինքնազգացողության վատացում է լինում, մենք ճանապարհին ունենք զորամասեր, բժշկական կենտրոններ միանգամից տեղափոխվում են այնտեղ»,- բացատրեց գեներալ-մայորը։
Լյովա Մնացականյանին հավելեց նաև Գայանե Ղուկասյանը, նշելով, որ յուրաքանչյուր օր վերադարձեր էլ են ունենում։
«Մեկ կամ երկու հոգի, պատվաստման հետ կապված ինչ-որ խնդիր է լինում, ուղարկում ենք զինվորական հոսպիտալ, ապաքինվում են ու նոր ճանապարհում ենք բանակ»,- վստահեցրեց Ռազմաբժշկական վարչության գլխավոր թերապևտ, բժշկական ծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանը։
Բժշկուհին ցույց տվեց բոլոր այն սենյակները, որոնցով հերթով անցնում են զորակոչիկները։ Հավաստիացնում են, որ զորակոչի ընթացքում դեռևս արտակարգ դեպք չի պատահել։
Սենյակներից մեկում նստած էին նյարդաբանը, թերապևտը, վիրաբույժը։ Նրանք հերթով նայում են անձնական գործերը։
«Մենք մեր աչքով նայում ենք, հետո պատվաստման համար «կանաչ լույս» ենք տալիս։ Ինչ սկսվել է հավաքը, դեռ ոչ ոքի մոտ ռեակցիա չի գրանցվել»,- բացատրում է Գայանե Ղուկասյանը։
«Սերունդը դժվար տարիների սերունդ է, նրանք կարգին չեն մարզվել, բայց այս սերունդն ավելի լավն է, քան 1992-93 թ ծնվածները»,- զորակոչիկների ֆիզիկական տվյալների մասին ասում է բժշկուհին։
Դրսում նույն ընթացքն անցնելու համար սպասում է զորակոչիկների մյուս խումբը։ Նրանց է մոտենում ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը, քաջալերում նորակոչիկներին։
Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը նշում է նաև, որ օրական բանակ է զորակոչվում զորակոչի ընդհանուր թվի մինչև 3 տոկոսը։
Ծնողներից մեկը, սրբելով աչքերն, ասում է. «Հուզմունքի արցունքներ են, ոչինչ ավելին։ Խաղաղություն լինի, բարով ծառայեն, վերադառնան»,- նշում է զորակոչիկի մայրը։
Այցն ավարտվեց, հավաքակայանի դարպասներից այս կողմ լուրի սպասող հարազատներն են, մյուս կողմում՝ նոր կյանք մտնող հայրենիքի պաշտպանները։