«Արձագանք-2013» զորավարժության ժամանակ Կառավարության անդամները ծանոթացան ցուցադրված ռազմական տեխնիկային, հրազենային միջոցներին, անօդաչու թռչող սարքերին:
Անցնելով բոլոր տաղավարների կողքով` ներկաներին հանգամանալից ներկայացվեց, թե ինչպես են աշխատում տեխնիկան, զենքերը:
Հատուկ ուշադրություն էր դարձվել հայակական արտադրանքին` նշանոցներ, վարժասարքեր, հրազենային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և այլն:
Ներկաներին հատկապես հետաքրքրեցին «Ասպար Արմս»-ի հայկական արտադրության զենքերը: Գրեթե բոլորը մոտեցան զենքերին, նայեցին ու քննարկեցին դրանց կարևորությունը զինված ուժերում:
Հատուկ նշանակության ստորաբաժանումն էլ բացի վարժությունների ցուցադրումից, ներկայացրել էր նաև հարավաֆրիկյան 12.7×19 Truvelo.50, ֆրանսիական 8.6×70 մմ PGM 338, բրիտանական 8.6×70 մմ Al Arctic Warfare դիպուկահար հրացաններ:
Ցուցադրությունից հետո Կառավարության անդամներին ներկայացվեց զորավարժության ակտիվ փուլի սցենարը:
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը հանգամանալից բացատրեց, թե ինչպես են ընթանալու մարտական գործողությունները:
Տեղեկացնենք, որ զորավարժության մարտական փուլին մասնակցում էր 1150 զինծառայող: Օգտագործվեց 12 միավոր Դ-20 և Դ-30 հաուբիցներ, 16 միավոր «Գրադ» ռեակտիվ հրետանային համալիրներ, 14 միավոր ականանետներ, 15 միավոր հակատանկային կայաններ և 101 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:
Բոլորը զբաղեցրին իրենց տեղերն, ու լսվեց մարտական գործողությունները ղեկավարողի ձայնը` սկսեցինք:
Սկսվեց թվացյալ պատերազմը: Երկնքում հայտնվեցին գրոհային Մի-24-ը, որից հետո շեշտակի հարվածներին միացան նաև գրոհիչ Սու-25-երը:
Սցենարի համաձայն` հայկական կողմը պայմանական հակառակորդի հարվածները կանխում էր կանխարգելիչ հարվածներով և անցնում է հարձակման` գրավելով հակառակորդի կարևոր բնագծերը:
Լրագրողներին հնարավորություն էր տրվել անմիջապես լինել հրամանտարաշտաբային ղեկավարման հատվածում, որտեղից պարզ լսվում ու երևում էին «պատերազմը» ղեկավարողներն ու նրանց ձայները: Ու երբ զինծառայողները լավ արդյունքներ էին ցուցաբերում, դրանց հետևում էին ծափահարությունները։
Նշենք, որ մարտական գործողություններին միացան նաև ԱԻՆ-ի մասնակիցները` ազատելով շինությունը պայմանական գրավումից, որից հետո կատարվեց հրդեհաշիջման գործողություն:
Կարծես թե` վերջ, «պատերազմն» ավարտվեց: Հերթն աչքի ընկած զինծառայողներին պարգևատրելու արարողությանն էր: Հերթով քայլելով առաջին էին գալիս օդաչուները, տանկիստները, հատուկ նշանակության ջոկատայիններն ու բոլորը:
Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս զորավարժությունը հնարավորություն տվեց պրակտիկ ուսումնասիրել զինված ուժերի մարզումներին մասնակից ստորաբաժանումների հնարավորությունները, գործողությունները:
«Այս զորավարժությունը առանձնահատուկ էր նրանով, որ ցուցադրեցինք այն տեխնիկան, որը գոյություն ունի զինված ուժերում, ազգային անվտանգության ծառայությունում, ոտսիկանությունուն և ԱԻՆ-ում: Այն բարձրացրեց փոխգործակցության աստիճանը զինված ուժերի և մյուս համապատասխան ստորաբաժանումների միջև»:
Նախարարը նշեց նաև, որ զորավարժության մարտավարական հատվածից գոհ է, չնայած վերջնական որոշումը կկայացվի, երբ միջնորդները կհաշվարկեն խոցված թիրախները:
Զինծառայողներին շնորհվեցին մեդալներ, հուշագրեր ու նվերներ:
Օրն ավարտվեց հաղթանակով` հայկական կողմի զինծառայողների պատրաստվածության ու անձնվեր աշխատանքի շնորհիվ:
Հիշեցնենք, որ մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:
Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկել են սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» զորավարժության սցենարը | Ռազմ.info