Ադրբեջան-«Արևմուտք» ռազմական համագործակցություն․ վտանգավոր նախադեպ

Վերջին շրջանում Ադրբեջանը բավականին ակտիվացրել է «արևմուտքի» մի շարք երկրների հետ ռազմական և ռազմատեխնիկական հարցերում շփումները, համագործակցությունը։ Razm.info-ն անդրադառնում է առավել նշանակալի այդ շփումներին ու Հայաստանի համար դրանցից բխող ռիսկերին։

2017թ․ սեպտեմբերին հայտնի դարձավ[1], որ Ադրբեջանը ձեռք է բերել չեխական արտադրության 152մմ «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 122մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Թեման մի շարք լրագրողական հետաքննությունների առիթ դարձավ[2], որոնցից պարզ դարձավ, որ չեխական զենքն Ադրբեջանում հայտնվում է Սլովակիայի և Իսրայելի միջնորդությամբ[3],[4],[5],[6]։

Ադրբեջանում վարժանքներ են արել «Դանա» ԻՀՀ-ներով. 06.02.2018

Ադրբեջանում վարժանքներ են արել «Դանա» ԻՀՀ-ներով. 06.02.2018

Եվ չնայած չեխական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանին մահաբեր զենքի վաճառքի արտոնագիր չի տրամադրվել[7], սակայն սկանդալը մատակարարումների ընթացքի վրա չազդեց և Ադրբեջանը շարունակեց ստանալ չեխական հրթիռահրետանային համակարգերը։

Ընդ որում, դատելով ամեն ինչից, և Չեխիան, և Սլովակիան առանձնապես հետաքրքրված չեն լիարժեք հետաքննություն անցկացնելու հարցում[8]։ Մասնավորապես, վերջերս սլովակ լրագրող Վլադիմիր Շնիդլի հետ զրույցում Սլովակիայի նկատմամբ քննադատությամբ է հանդես եկել նաև Հայաստանի դեսպանը[9]։

Այս գործարքը կարելի կլիներ մասնավոր դեպք համարել, սակայն վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է ռազմատեխնիկական հարցերով շփումները նաև «արևմտյան» այլ երկրների հետ։

Այսպես օրինակ 2018թ․ հունիսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության Bell-412 բազմանպատակային ուղղաթիռներ[10], որոնք ցուցադրվեցին նաև հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ[11]։

Bell 412 ուղղաթիռը Բաքվի երկնքում

Bell 412 ուղղաթիռը Բաքվի երկնքում

Մինչ այդ, հունիսի 23-ին ուղղաթիռների վաճառքի հետ կապված ԱՄՆ կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին նամակով դիմեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը[12]։ Արձագանքել էին նաև ԱՄՆ-ում «Հայ դատի գրասենյակից»՝ բողոքներ հղելով ԱՄՆ կոնգրես, պետդեպարտամենտ և պենտագոն[13]։ PanArmenian.Net-ի հարցմանն ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ուղղաթիռների վաճառքի հետ կապված հայտնել էր, որ դրանք քաղաքացիական են և վաճառքի համար արտահանման լիցենզիա չի պահանջվում[14]։ Ըստ էության սա հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ «գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար»։ Ընդ որում Տիգրան Բալայանը նաև հայտնել էր, որ ուղղաթիռները ամերիկյան արտադրության չեն[15] (Razm.info ” հավանաբար ամերիկյան արտոնագրով արտադրվել են որևէ այլ երկրում)։

2018թ․ հունիսի 11-ին ադրբեջանական ԱզերիԴեֆենս կայքը հայտնեց, որ գերմանական Rheinmetall Defence ռազմարդյունաբերական ընկերությունը և Ադրբեջանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունները հետագայում հաստատվեցին նաև գերմանական և միջազգային մամուլում[16],[17]։

Ուշագրավ է, որ գերմանական պառլամենտի՝ բունդեսթագի, ազգությամբ թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը այս կապակցությամբ Գերմանիայի կառավարությունից պահանջել էր հավաստիացումներ, որ Rheinmetall Defence-ը չի խախտում 1992թ․ ԵԱՀԿ-ի՝ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն, ինչպես նաև Գերմանիայի Էկոնոմիկայի և արտահանման դաշնային բյուրոյի կողմից ընդունած որոշումը հակամարտող երկու երկրներին զենք չվաճառելու մասին։ Պատգամավորի պահանջին ի պատասխան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակն ասել է, որ դեպի Ադրբեջան սպառազինությունների արտահանումը թույլատրվում է «միայն բացառիկ դեպքերում»։ Թե ինչ է պետք հասկանալ «բացառիկ դեպք» հասկացության տակ, այնքան էլ պարզ չի[18]։

Իր հերթին հայկական կողմը պաշտոնապես հայտարարել էր, որ գերմանա-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին գերմանական կողմի տված պարզաբանումները լիովին բավարարել է Հայաստանին[19]։

2018թ․ հուլիսի 19-ին արդբեջանական լրատվամիջոցները հայտնեցին ֆրանսիական NAVAL ռազմարադյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Էրվե Գիյուիի հետ Իլհամ Ալիևի հանդիպման մասին[20]։ Ըստ նույն աղբյուրների՝ ներկայումս արդեն իսկ համատեղ աշխատանքներ են տարվում կոնկրետ նախագծերի շրջանակներում։ Նշենք, որ NAVAL ընկերությունը մասնագիտանում է ռազմածովային տեխնիկայի արտադրության վրա, և նախկինում ռազմածովային ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության մասին տվյալներ արդեն իսկ եղել էին։ Այսպես, ռազմական թեմայով մասնագիտացած BMPD բլոգը հղում անելով ֆրանսիական «Intelligence online» կայքին՝ նշում է, որ եվրոպական մի անգամից երկու նավաշինական ընկերություն՝ Damen Shipyards Group-ը և Naval Group-ը, պայքարում են Ադրբեջանում պարեկանավերի շուկայի համար[21]։ Շփումները ֆրանսիական նավաշինարարների հետ եղել էին նաև նախկինում, օրինակ՝ 2017թ․ մարտին Ֆրանսիա այցի ժամանակ Իլհամ Ալիևը հանդիպել էր նույն NAVAL ընկերության տնօրենի հետ։

Առաջին հայացքից նավաշինարարների հետ համագործակցությունը Հայաստանին չպիտի անհանգստացի, սակայն միայն առաջին հայացքից։ Նախ ադրբեջանական մամուլը սկսեց տեղեկություններ տարածել, թե իբր Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը։ Այս տեղեկությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքեց[22]։

Սակայն, չնայած այս հավաստիացումներին, բացառված չէ, որ ֆրանսիական ռազմական արդյունաբերության արտադրանքն իրականում արդեն իսկ հայտնվել է ադրբեջանական զինանոցում։ Խոսքը մասնավորապես թուրքական SOM թևավոր հրթիռների մասին է[23], որոնք ունեն ֆրանսիական Microturbo ընկերության «Microturbo TRI 40» տուրբոռեակտիվ շարժիչներ[24]։ Ճիշտ է, Թուրքիան հայտարարել էր սեփական շարժիչներ նախագծելու մասին, սակայն մեզ քիչ հավանական է թվում, որ թուրքերը հասցրած լինեն ավարտել նախագծման աշխատանքները։ Ըստ այդմ՝ ֆրանսիական շարժիչներով թևավոր հրթիռների հնարավոր վաճառքի հարցը պիտի քննության առարկա դառնա։

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

Ամփոփելով նշենք, որ մեր կարծիքով այս միտումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ակտիվ ուղիներ է փնտրում արևմտյան սպառազինության ձեռք բերման համար և այդ հարցում նրանց հաջողությունները նույնիսկ փոքր, երկրորդական հարցերում վտանգավոր նախադեպեր են։ Դրանք կարող են սառցահատի դեր կատարել ու մի օր հանգեցնել նաև Ադրբեջանին արևմտյան ծանր սպառազինությունների վաճառքի։ Այս առումով, այո, անգամ ռազմածովային սպառազինության վաճառքը մեր համար մտահոգիչ է։

Կարևոր է հասկանալ, որ ի տարբերություն խորհրդային/ռուսական ծանր սպառազինության, որոնց մատակարարումներն Ադրբեջանին Հայաստանը կարող է կոմպենսացնել Ռուսաստանից ավելի մատչելի գներով զենք գնելով, արևմտյան սպառազինության դեպքում նման հնարավորությունները մեղմ ասած ավելի սահմանափակ են մեր համար։ Ընդ որում՝ արևմտյան զինատեսակներն ընդհանուր առմամբ ավելի բարձրակարգ են, ըստ այդմ դրանք ռուսական զենքով կոմպենսացնելը նույնպես Հայաստանի համար էապես բարդանալու է։ Մինչդեռ Ադրբեջանն ունենալով ֆինանսական անհամեմատելի ավելի լայն հնարավորություններ՝ արևմտյան զենք ձեռք բերելու հնարավորության դեպքում կարող է հասնել մեր բանակի նկատմամբ որակական տեխնիկական առավելության։

Ուստի, Արևմուտքից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու Ադրբեջանի ընթացիկ և հետագա փորձերը կանխելը դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը՝ անկախ սպառազինության տեսակից։ Ու այս խնդիրը շատ լուրջ արտաքին մարտահրավեր է Հայաստանի նոր իշխանությունների համար։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է ասել, որ այս խնդիրն, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, ժառանգություն է նախորդից, և դա ճիշտ է։ Սակայն նախորդից ժառանգություն ստացած լինելու փաստն անվտանգային այսպիսի լուրջ հարցերում չի կարող ինդուլգենցիա լինել գործող իշխանության համար, քանի որ այդ խնդրի լուծման պատասխանատվությունն այժմ հենց Փաշինյանի կառավարության ուսերին է։ Զուտ մատնանշելով ժառանգության փաստը՝ խնդիրներն ինքնստինքյան չեն լուծվի։


Աղբյուրներ

[1] Razm.info Ադրբեջանը գնել է չեխական արտադրության ինքնագնաց հաուբից և հրթիռային համակարգ
[2] Razm.info Չեխիայում հետաքննում են Ադրբեջանում չեխական զենքի հայտնվելը
[3] Razm.info Չեխական տեխնիկան հնարավոր է Ադրբեջանում հայտնվել է Իսրայելի միջնորդությամբ
[4] Razm.info Չեխական տեխնիկան Ադրբեջանում հայտնվել է մի քանի երկրի միջնորդությամբ
[5] Razm.info Չեխիա-Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան «ռազմական տրանզիտ». ՄԱԿ-ի ռեգիստրի 2017 թ. զեկույցներ
[6] Razm.info Ադրբեջանը շարունակում է չեխական զենք ստանալ Իսրայելի միջոցով
[7] Razm.info Չեխական տեխնիկան Ադրբեջանում հայտնվել է մի քանի երկրի միջնորդությամբ
[8] Razm.info Ադրբեջանին մատակարարված սպառազինության հարցում Սլովակիայից հստակ պատասխան չկա. ՀՀ դեսպան
[9] Razm.info Հայաստանի դեսպանը քննադատում է Սլովակիային Ադրբեջանին զենք մատակարարելու համար. Dennik N
[10] Razm.info Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ
[11] Razm.info Զորահանդես Ադրբեջանում. առանց սենսացիաների
[12] Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ։
[13] PanArmenian.Net Հայ դատի գրասենյակը բողոքել է ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն՝ Ադրբեջանին ուղղաթիռներ վաճառելու համար
[14] PanArmenian.Net Պետդեպ. Bell 412 ուղղաթիռները հավաստագրված են որպես քաղաքացիական, արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ
[15] Aysor.am Բաքվին մատակարարվող ուղղաթիռների գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար. Տիգրան Բալայան
[16] Stern.De Rheinmetall bahnt Geschäfte mit Aserbaidschan an
[17] Reuters German defence firm Rheinmetall considers business with Azerbaijan
[18] Razm.info Գերմանական ընկերությունը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ
[19] Tert.am Գերմանական կողմի բացատրությունները մեզ լիովին բավարարել են. Տիգրան Բալայանը՝ Ադրբեջանի և Գերմանիայի հնարավոր ռազմական համագործակցության մասին
[20] Razm.info Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հնարավոր է ռազմատեխնիկական համագործակցություն․ Azertac
[21] BMPD Судостроительные группы Damen и Naval Group ведут борьбу за рынок патрульных кораблей Азербайджана
[22] Analitik.am Ֆրանսիան Ադրբեջանին զենք չի վաճառելու, տեղեկությունը կեղծ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
[23] Razm.info Բաքվի զորահանդեսի փորձին նկատվել է թուրքական SOM թևավոր հրթիռ
[24] Национальная оборона Новая турецкая ракета

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *