Հունիսի 27-ին հայտնի է դարձել, որ գերմանական Rheinmetall Defence ռազմարդյունաբերական ընկերությունը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնել է գերմանական Stern պարբերականը։
Գերմանական աղբյուրը հայտնում է, որ հունիսի կեսերին Փարիզում Eurosatory ռազմական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ ռազմարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ջոն Թեյլորը և Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը (մահացել է ս․ թ․ հունիսի 23-ին) ստորագրել են «երկկողմ ապագա համագործակցության մասին» հուշագիր:
Ըստ աղբյուրի՝ Rheinmetall ընկերության գլխավոր լոբբիստ Դիրք Նիբելը դեռևս ապրիլին Բեռլինում հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ։ Ադրբեջանի դեսպանատան թվիթերյան էջում հանդիպման մասին հայտարարվել է, սակայն գրառումը անմիջապես ջնջվել է։
Նշված է, որ Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը (Գերմանիայի «Ձախեր» (Linke) կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք) պահանջում է Դաշնային ղեկավարությունից հավաստիանալ, որ Rheinmetall-ը չի շրջանցում 1992թ․ ԵԱՀԿ-ի՝ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն և դրա հիման վրա Գերմանիայի Էկոնոմիկայի և արտահանման դաշնային բյուրոյի կողմից ընդունած որոշումը հակամարտող երկու երկրներին զենք չվաճառելու մասին:
Ի պատասխան, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակն ասել է, որ դեպի Ադրբեջան սպառազինությունների արտահանումը թույլատրվում է «միայն բացառիկ դեպքերում»։
Նշենք, որ Rheinmetall գերմանական ընկերությունը զբաղվում է մեքենաշինությամբ, սպառազինության արտադրությամբ։ Այս ընկերությունը 2011թ համագործակցում էր Ռուսաստանի հետ՝ Մուլինո քաղաքում զորավարժարան կառուցելու նպատակով։ Սակայն Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ 2014թ արգելեց ընկերությանը շարունակել համագործակցությունը, հետ կանչեց իր ներկայացուցիչներին և հրաժարվեց զորավարժարանի կառուցումից։
Rheinmetall–ը նաև նպատակ ունի համագործակցելու Թուրքիայի հետ այնտեղ թուրքական «Ալթայ» տանկերի շարժիչների գործարան ստեղծելու նպատակով։ Սակայն այս որոշումը միանշանակ չի ընդունվում Գերմանիայում։