Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հնարավոր է ռազմատեխնիկական համագործակցություն․ Azertac

Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ֆրանսիական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ NAVAL ռազմարադյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Էրվե Գիյուին։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական Azertac լրատվական գործակալությունը։

Ֆրանսիական NAVAL ընկերությունը զբաղվում է ռազմածովային տեխնիկայի արտադրությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և ֆրանսիական ընկերության միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը։

Բացի այդ աղբյուրը հայտնում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը նպաստող պայմանների մասին։ Ադրբեջանական կողմը նշել է, որ ներկայումս  ֆրանսիական կողմի հետ տարվում են աշխատանքներ հստակ նախագծերի վրա։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ադրբեջանական Azeridefence.com լրատվակայքը հայտնել էր, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները, սակայն Ֆրանսիայի դեսպանությունը Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները կեղծ են, և Ֆրանսիան չի մատակարարելու Ադրբեջանին այնպիսի զինտեխնիկա, որը կարող է օգտագործվել Արցախում։

Կարելի է նշել նաև, որ NAVAL ընկերության հետ Իլհամ Ալիևը հանդիպել էր նաև 2017թ գարնանը։ Ռուսական bmpd.livejournal.com կայքը հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, ասում էր, որ նավաշինական երկու խոշոր ընկերություններ՝  ֆրանսիական NAVAL group–ը և հոլլանդական Damen Shipyards Group–ը «պայքարում են» Ադրբեջանին պարեկային նավեր վաճառելու համար։ Երկու ընկերություններն էլ որոշակի կապեր էին հաստատել Ադրբեջանի տարբեր ընկերությունների, ինչպես նաև՝ անհատների հետ։ Աղբյուրը հայտնում էր, որ NAVAL group–ը ցանկանում էր առնվազն երեք միավոր Gowind տեսակի պարեկային նավեր վաճառել Ադրբեջանին, ինչը գնահատվում էր մոտ 430 մլն եվրո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *