2018 թվականի ամառային զորակոչին «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելու ցանկություն է հայտնել 271 նորակոչիկ։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ գնդապետ Սերոբ Սուջյանը։
Նրա խոսքով՝ 271 հոգուց ընտրություն դեռ չի եղել, պայմանագիր չի կնքվել, ըստ այդմ՝ հնարավոր է դիմորդների թիվը փոխվի։
Ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով։ Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է զինվորական պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվաքանակը։ Ինչից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնը անցկացնում է մրցույթ։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2018-2019 ուստարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացվում է ՀՀ ՊՆ համար անհրաժեշտ 500 տեղ:
450 տեղ հատկացվում է հետագայում դասակի հրամանատարի պաշտոնում ծառայելու համար՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` հրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ:
50 տեղ հատկացվում է հետագայում բժշկական պաշտոնում ծառայելու համար՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` բուժական գործ մասնագիտությամբ:
Նշենք, որ ծրագրի մասնակիցը ունի բուհում անվճար սովորելու և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։
3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։