Հունիսի 26-ին Բաքվում կայացավ Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 100-րդ տարելիցին նվիրաված զորահանդեսը: Բուն զորահանդեսին նոր բազահայտումներ չեղան. թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռը երևացել էր 2 օր առաջ՝ հունիսի 24-ին զորահանդեսի փորձի ժամանակ, իսկ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռները՝ դրանից էլ վաղ:
Ստորև կներկայացնենք համամատաբար նոր և նշանակալի ձեռքբերումներն, որոնք անցան Բաքվի Նեֆթչիլեր պողոտայով:
Հրթիռային և հրետանային զինատեսակներ
LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր
Ադրբեջանի նոր ու լուրջ ձեռքբերումներից է, որի՝ Ադրբեջանի սպառազինությունում առկայության մասին հայտնի դարձավ այս տարվա հունիսի 11-ին՝ Իլհամ Ալիևի՝ հրթիռային նոր զորամաս այցի ժամանակ:
LORA-ն արտադրում է իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը: Հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը՝ 300 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: Մարտագլխիկը լինում է 400 և 600 կգ-ոց (հայտնի չէ, թե որ տարբերակն է առկա Ադրբեջանում):
«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
«Պոլոնեզների» հնարավոր գնման մասին հիմնականում սկսվեց խոսվել 2017-ի հոկտեմբերի սկզբից, սակայն, դրա՝ 301 մմ տրամաչափով տարբերակն առաջին անգամ Ադրբեջանում նկատվեց ևս հունիսի 11-ի այցի ժամանակ:
Զորահանդեսին ևս ցուցադրվեց «Պոլոնեզների» 301 մմ տրամաչափի չինական A200 հրթիռներով տարբերակը: Արձակման մեքենայի վրա տեղադրված է 8 հրթիռ: Ըստ արտադրողի` հեռահարությունը 50-200 կմ է, մարտագլխիկի զանգվածը՝ 130 կգ:
Dana ինքնագնաց հրետանային համակարգ
Չեխական ինքնագնաց այս 152 մմ տրամաչափի հրանոթներով համակարգն Ադրբեջանում առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց 2017-ի սեպտեմբերին՝ զորավարժության ժամանակ:
Առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Շարժման առավելագույն արագությունը 80 կմ/ժ է:
RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
Այս մեքենաները ևս ցուցադրվեցին վերոնշյալ սեպտեմբերյան զորավարժության ժամանակ:
RM-70 ՀԿՌՀ-ն կրում է 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Համակարգի արագ լիցքավորման համար մեքենայի թափքին տեղադրված է 40 հրթիռով պահուստային փաթեթ: Համակարգը չեխական «Tatra» 815 բեռնատարի բազայի վրա է. առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով՝ մինչև 21 կմ:
Ադրբեջանին Dana ինքնագնաց հաուբիցների և RM-70/85 ՀԿՌՀ-ների մատակարարման սխեմաներին և քանակին կարող եք ծանոթանալ այս հղումներով (1, 2)
Ադրբեջանի սպառազինությունում կան նաև «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք սակայն այս զորահանդեսին չցուցադրվեցին: Նախորդ զորահանդեսներին այդ համալիրները մասնակցել էին:
Անօդաչու թռչող սարքեր
Heron հետախուզական ԱԹՍ
Heron ԱԹՍ-ն ամբողջական տեսքով առաջին անգամ ցուցադրվեց հենց այս զորահանդեսին: Ադրբեջանում այդ սարքի մի հատված երևացել էր 2017-ի ամռանը, իսկ նոյեմբերին 2 միավոր ԱԹՍ արբանյակային լուսանկաներում նկատվեց Լոքբաթանի ավիաբազայում:
Այս ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը մինչև 20 ժամ է, թռիչքի առաստաղը՝ 10 կմ, առավելագույն արագությունը՝ շուրջ 180 կմ/ժ:
Hermes 450 և 900 հետախուզական ԱԹՍ-ներ
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության շարասյան կազմում անցան նաև հետախուզական այս ԱԹՍ-ները: Թեև դրանք առաջին անգամ հանրային ցուցադրվել էին այս տարվա ապրիլի 30-ին՝ նախագահ Ալիևի՝ ՊՍԾ բազա կատարած այցի ժամանակ, սակայն նախկինում բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների հիման վրա կային հիմնավոր ենթադրություններ դրանց առկայության մասին:
Այս և այլ մանրամասները մենք հանգամանորեն ներկայացրել ենք «Ռազմինֆոյի» թիմի պատրաստած «Ռազմաքաղաքական Հանդեսում»:
Harop մահապարտ ԱԹՍ
Զորահանդեսին նույնպես Ադրբեջանի ՊՍԾ շարասյան կազմում անցան «ՄԱԶ» մեքենայի վրա տեղադրված Harop ԱԹՍ-ի արձակման կոնտեյներները: Ադրբեջանը կիրառել է մահապարտ այս ԱԹՍ-ները 2016-ի ապրիլյան մարտերում:
Harop-ի թռիչքի տևողությունը 6 ժամ է, առավելագույն արագությունը՝ շուրջ 185 կմ/ժ, իսկ մարտագլխիկի զանգվածը՝ 15 կգ:
ՀՕՊ, Ավիացիա, հրթիռներ
Barak-8 զենիթահրթիռային համալիր
Ադրբեջանում Barak-8 ԶՀՀ-ները երևացել էին 2016 թվականի դեկտեմբերին՝ զորավարժության ժամանակ:
Barak-8 ԶՀՀ-ները համատեղ արտադրում են Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) և հնդկական Defence Research & Development Organisation պետական գործակալությունը: ԶՀՀ-ները նախատեսված են ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային տեղակայման համար: Ըստ տարբեր աղբյուրների՝ այս համակարգերը թիրախը կարող են որսալ 70 կմ հեռավորությունից՝ 25 կմ բարձրության վրա:
Bell-412 ուղղաթիռներ
Այս ուղղաթիռները Ադրբեջանում նկատվեցին զորահանդեսի փորձերի ընթացքում: Զորահանդեսին ևս հայտարարվեց դրանց մասնակցության մասին: Bell 412-ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարքիների համար:
SOM թևավոր հրթիռ
Զորահանդեսին ցուցադրվեցին նաև փորձերին նկատված թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռը: Զորահանդեսի հաղորդավարը հայտարարեց, որ այդ հրթիռն արդեն ընդունվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության:
Հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ: