Օրերս Ադրբեջանում անցկացված զորավարժությունում ցուցադրվեցին չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ և RM-70 ՀԿՌՀ-ներ: Առկա փաստերը և հայտարարությունները վկայում են դրանք Ադրբեջանին մատակարարելու բարդ սխեմայի առկայության մասին՝ միջնորդավորված մի քանի երկրներով:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունից հայտնում են, որ Չեխիայի արտգործնախարարությունից իրենց հարցմանն ի պատասխան նշել են.
«Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին»:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է ավելի վաղ մեր կողմից տարբեր փաստերի համադրությամբ այն եզրակացությունը, որ նշված սպառազինությունը Ադրբեջանում հայտնվել է Իսրայելի միջոցով:
Սակայն հավելյալ փաստերն ու հայտարարություններն իրենց հերթին վկայում են, Ադրբեջանին չեխական տեխնիկայի մատակարարման հարցում գործել է Չեխիա–Իսրայել–Ադրբեջանից շատ ավելի բարդ սխեմա:
ՄԱԿ-ի ռեգիստրում Սլովակիայի՝ 2016 թ. տրամադրած զեկույցում նշվում է, որ նույն տարում Սլովակիան Իսրայելին վաճառել է 2 միավոր RM-70/85 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: 2017 թ. հունվարին Ադրբեջանում նոր զորամասի բացման ժամանակ երևում է առնվազն մեկական միավոր RM-70/85 և DANA ԻՀՀ:
- Նշված են «Դանա» ինքնագնաց հրետանին և RA-70 ՀԿՌՀ-ն. 1/23/2017
- ՄԱԿ-ի ռեգիստրում Սլովակիայի՝ 2016 թ. ներկայացրած զեկույցից
2017 թ. բուլղարացի հաքերների գաղտնազերծած փաստաթղթերի հիման վրա Trud լրատվակայքի լրագրող Դիլիանա Գայտանջիևան նշել էր, որ նույն տարում Սերբիա–Իսրայել–Ադրբեջան ուղով ադրբեջանական բանակին մատակարարվել են RM-70/80 ՀԿՌՀ-ներ և ինքնագնաց հրետանային համակարգեր [ենթադրաբար՝ DANA]: Ըստ որում առաջնային մատակարարը եղել է չեխ-սլովական MSM Martin ընկերությունը:
Արդեն 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ցուցադրեց առնվազն 8-9-ական միավոր յուրաքանչյուր զինտեխնիկայից՝ նշված զորավարժության ընթացքում:
- Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ
- Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ
Փաստերի համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ բոլոր համակարգերի դեպքում վերջնական միջնորդ պետությունը եղել է Իսրայելը, սակայն մինչ այդ եղել են առնվազն ևս մի մեկ կամ երկու այլ միջնորդ պետություններ: Նշվածների թվում են Սերբիան և Սլովակիան:
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանին մատակարարվել են հենց չեխական արդիականացման տարբերակներ, գրեթե բացառվում է այն տեսակետը, որ առաջնային մատակարարը եղել է Սլովակիան: Ըստ այդմ՝ ենթադրաբար ողջ զինտեխնիկան էլ դուրս է եկել Չեխիայից, սակայն Ադրբեջան հասել է շղթայական միջնորդավորմամբ:
Չի բացառվում, որ Ադրբեջանը կիրառել/կիրառում է կամ կկիրառի տվյալ բնույթի սխեմա՝ նաև այլ սպառազինություն, այդ թվում՝ այլ երկրներից գնելու համար: Սա իր հերթին կարող է թույլ տալ շրջանցել որոշ պետությունների կողմից՝ անմիջապես Ադրբեջանին զենք մատակարարելու էմբարգոն կամ սահմանափակումները: