ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնապահներին շուրջ 1,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության զենք վաճառելու թույլտվությունը: ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսից հետ է քաշել առաջարկը: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է ամերիկյան Washington Post պարբերականը:
Որոշումը կայացվել է ընթացիկ տարվա մարտին Էրդողանի ԱՄՆ այցի շրջանակներում ցուցարարների նկատմամբ Թուրքիայի նախագահի թիկնապահների բռնի գործողությունների պատճառով:
Թուրքիան ցանկանում էր գնել 1,2 մլն դոլար արժողությամբ զինամթերք, կիսաավտոմատ զենքեր՝ նախագահի պահպանության գնդի համար: Նշվում է, որ Թրամփի վարչակազմը հակված է եղել թույլտվությունը տալուն, բայց միջադեպից հետո Կոնգրեսը որոշել է արգելափակել:
Այս բացատրությունը նշվում է նաև ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած փաստաթղթերից մեկում: Կոնգրեսը նշում է, որ Էրդողանի անվտանգության ուժերին զենք չեն տա՝ քանի միջադեպը չի պարզվել:
Թուրքիայի նախագահն ի պատասխան այս որոշմանը նշել է (1, 2), որ «եթե ԱՄՆ-ն զենք է տալիս սիրիայի ահաբեկիչ քրդական ուժերին, ապա ինչու՞ չի համաձայնում դրանք փողով վաճառել Թուրքիային»: Թուրքիան «ահաբեկիչ» է համարում Սիրիայի քրդական PYD կառույցը, որ ներկայում վերահսկում է Սիրիայի հյուսիսի հիմնական մասը և պայքարում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: