ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2017-ին Չեխիայից և Սոլավակիայից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները: Ըստ դրանց՝ Չեխիան Սլովակիային վաճառել է 13 միավոր RM-70/85 ՀԿՌՀ, Սլովակիան՝ Իսրայելին: Իսրայելի զեկույցը չկա, սակայն հայտնի է, որ դրանք հայտնվել են Ադրբեջանում:
Չեխիայի՝ ՄԱԿ-ն տրամադրած զեկույցում նշվում է, որ չեխական կողմը 2017 թ. Սլովակիային վաճառել է.
- 13 միավոր մեծ տրամաչափի հերտանային համակարգ (մեկ միավորը՝ «դեմիլիտարիզացված»);
- 14 միավոր մարտական զրահամեքենա (մեկ միավորը՝ «Դեմիլիտարիզացված»):
Սլովակիայի տրամադրած զեկույցում նշվում է, որ 2017 թ. Իսրայելին վաճառել են.
- 13 միավոր մեծ տրամաչափի հրետանային համակարգ (T-815-ի ընթացամասի վրա տեղադրված RM-70/85 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր);
- 18 միավոր մեծ տրամաչափի հրետանային համակարգ (T-815-ի ընթացամասի վրա տեղադրված DANA ինքնագնաց հրետանային համակարգեր):
Ինչպես տեսնում ենք, Չեխիայի զեկույցում նշված 13 միավոր «մեծ տրամաչափի հրետանային համակարգերը» թվով և տեսակով համընկնում են Սլովակիայի զեկույցում նշված 13 միավոր RM-70/85-երին, որոնք, փաստացի հայտնվել են Իսրայելում: Իսրայելն այս տարի 2017 թ. վաճառքի վերաբերյալ զեկույց չի տրամադրել ՄԱԿ-ին:
Սակայն դեռևս անցյալ տարի հայտնի էր դարձել, որ այդ ՀԿՌՀ-ների վերջնական գնողն Ադրբեջանն է: Չեխական կողմը պնդում էր, որ գործարքի հետ իրենք որևէ կապ չունեն, սակայն զեկույցները հերթական անգամ ապացուցում են, որ Չեխիան դրանք փոխանցել է Սլովակիային, Սլովակիան՝ Իսրայելին, իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին:
DANA ինքնագնաց հրետանային համակարգերի դեպքում սխեման մի փոքր ավելի բարդ է, սակայն բնույթով գրեթե նույնը: Չեխիայի զեկույցում Սլովակիային 18 միավոր այլ «մեծ տրամաչափի հրետանային համակարգերի» վաճառքի մասին խոսք չկա, սակայն նշված է 14 միավոր «մարտական զրահամեքենայի» վաճառքի մասին:
Ինչպես RM-70/85 ՀԿՌՀ-ները, այնպես էլ՝ DANA ԻՀՀ-ները տեղադրված են T-815 «Տատրա» մեքենաների ընթացամասի վրա, որոնք արտադրվում են Չեխիայում: Իսկ ԻՀՀ-ները արտադրվում/հավաքվում են չեխոսլովական Czechoslovak Group հոլդինգում: Չեխիային ԱԳՆ-ն անցյալ տարի հաստատել էր, որ իրենք Ադրբեջանին «Տատրա»-ներ վաճառել են: Փաստորեն մեկ անգամ ևս հաստատվում է, որ Չեխիան Սլովակիային տարամադրել է մեքենաները, Սլովակիան դրանց վրա տեղադրել է հրետանին, համակարգերը փոխանցել Իսրայելին, իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին:
Հավելենք, որ Ադրբեջանի սպառազինության վաճառման նույն սխեման, հավանաբար, շարունակում է գործել մինչ օրս: Դեռևս ապրիլին FlightRadar24 ծառայության միջոցով Razm.info-ն պարզել էր, որ նույն ադրբեջանական SilkWay ընկերության բեռնատար ինքնաթիռները, որոնք 2017 թ. նշված սպառազինությունը փոխադրել էին Չեխիա-Սլոավակիա-Իսրայել-Ադրբեջանու «երթուղով», առնվազն 2018-ի մարտի վերջից ևս պարբերաբար կատարել են չվերթներ Բաքու–Օստրավա (Չեխիա) – Թել Ավիվ – Բրատիսլավա (Սլովակիա) – Թել Ավիվ – Բաքու ուղղություններով: Կատարվում են չվերթներ նաև Բաքու – Օվդա (Իսրայելի ավիաբազա)– Բաքու ուղղությամբ:
Նմանատիպ թռիչք նկատվել է նաև բառացիորեն օրեր առաջ՝ մայիսի 23-24-ին: