Իրանում ահաբեկիչների հետ բախումից ԻՀՊԿ 11 զինծառայող սպանվել է, 8-ը՝ վիրավորվել

Հուլիսի 20-ին Իրանի արևմտյան Քուրդիստան նահանգի Մարիվան քաղաքում առավոտյան ժամը 2-4–ը ընկած հատվածում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները բախման մեջ են մտել ահաբեկիչների հետ, ինչի հետևանքով սպանվել է՝ 11, վիրավորվել 8 զինծառայող։ 

Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Մարիվանի քաղաքապետ Մուհամմադ Շաֆիի խոսքով՝ սպանված զինծառայողներից 7-ը եղել են Մարիվանի բնակիչ, 3-ը Քորվե քաղաքից և 1-ը՝ Սանանդաջից:

Ավելի ուշ աղբյուրը հայտնում է, որ «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցությունը» (PJAK) պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչական հարձակման համար:

Նշենք, որ «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցությունը»(PJAK)-ը Իրանում  ստեղծված (2003թ) քրդական  կուսակցություն է: Ղեկավարվում է PKK-ի կողմից: Գործում է հիմնականում Իրանի Քուրդիստան,  Արևմտյան Ատրպատական և Քերմանշահ նահանգներում:

Հավելենք, որ երկրի հյուսիս-արևմուտքում Իրանը ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնց համարում է ահաբեկչական և այդ խմբավորման անդամներին անվանում ահաբեկիչներ: Եվ երբեմն, երբ Իրանի ուժային կառույցները հայտարարում են «ահաբեկիչներ վնասազերծելու» մասին, այդ «ահաբեկիչները» իրականում քրդական ընդդիմադիր խմբավորումների անդամներն են:

Հավելենք նաև, որ ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել երկրում։

Հոդվածի հեղինակ՝ Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *