Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբեր 19-25

Ադրբեջանի զինվորականների առաջիկա վարժանքները • Ադրբեջանի մասնակցությունը Թուրքիայում ՆԱՏՕ զորավարժությանը • Թուրք զինվորականների պատվիրակությունը Նախիջևանում • Նորոգված նավերի հանձնումը Ադրբեջանի ՌԾՈւ-ին • Կարմիր խաչը չի մեկնաբանում ադրբեջանցի սահմանախախտների դատավարությունը Արցախում • Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է բանակի կենցաղային պայմանների բարելավման ողղությամբ աշխատանքների մասին։

Նավերի ընդունման արարողություն. 23.10.2014

Նավերի ընդունման արարողություն. 23.10.2014

• Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մի քանի միջազգային վարժանքների ու կոնֆերանսների են մասնակցում Թուրքիայիում, Լիտվայում և Բահրեյնում։ Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող REGEX-14 հրամանատարական քառօրյա զորավարժությունը, որին մասնակցելու են նաև ադրբեջանցի զինվորականները։ Հոկտեմբերի 20-ից 21-ն Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն հրաձգության դասերի՝ Լիտվայի Ռուկլա քաղաքում, իսկ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Բահրեյնի Մանամա քաղաքում կմասնակցեն միջազգային կոնֆերանսի աշխատանքներին, որը նվիրված է ծովային ականների դեմ պայքարին։

• Հոկտեմբերի 22-ին տեղեկություն է հրապարակվել, որ Թուրքիայի զինված ուժերի՝ Էրզրումում տեղակայված 9-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Նախիջևան, որտեղ նրան ընդունել է ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալըբովը։

Հանդիպման ժամանակ վերջինս նշել է, որ Թուրքիան մեծ դեր ունի ինքնավար հանրապետության բանակի կայացման և բանակաշինության գործում։ Գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը, իր հերթին, գոհունակություն է հայտնել Նախիջևանի առանձին համազորային բանակի ձեռքբերումների կապակցությամբ։

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին, Ադրբեջանի ՊՆ-ն այցի վերաբերյալ հրապարակեց մանրամասներ, որոնցից պարզ դարձավ, որ թուրք գեներալը եղել է հակատանկային ստորաբաժանումների ուսումնական նորաբաց կենտրոնում, ինչպես նաև հետևել դաշտային վարժանքներին, որոնց մասնակցում էին մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումներ։

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 23-ին այցելել է ռազմածովային ուժերի կառամատույցներից մեկը, որտեղ նրան են ներկայացրել ամբողջական նորոգում և տեխնիկական վերազինում անցած ռազմանավերը, ինչից հետո դրանք իջեցվել են ջուրը։

Ադրբեջանն այս քայլով փորձում է պահել հավասարակշռությունը Կասպից ծովի ավազանում՝ լարված հարաբերություններ ունենալով հատկապես Իրանի և Թուրքմենստանի հետ։ Վերջինիս հետ վեճի պատճառը «Քյափազ» նավթահորի շահագործման իրավունքն է, որը Թուրքմենստանը, հակառակ Ադրբեջանի, համարում է իրենը։

• Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է երկրի զինված ուժերի ինժեներական-ամրաշինական զորամասերից մեկը։ Նախարարը եղել է զորամասի հավաքակայանում, ստուգել է ինժեներական տեխնիկայի վիճակը։

Հասանովը ստուգել է նաև զորամասի ճաշարանն ու զորանոցները, ինչից հետո համապատասխան կարգադրություններ է արել զորամասում մարտական պատրաստության, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կարգապահության բարելավման հետ կապված։

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ու ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովը ինժեներական տեխնիկան ստուգելիս

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ու ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովը ինժեներական տեխնիկան ստուգելիս

• Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կսկսվի սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիներ Դիլգամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի դատաքննությունը։

Այս կապակցությամբ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձել են դատավարության վերաբերյալ տեղեկություններ ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակից։ Նշված կառույցի հանրային կապերի վարչության ղեկավար Իլահա Հուսեյնովան, սակայն  հրաժարվել է պատասխանել հարցումներին՝ նշելով, որ «ԿԽՄԿ-ն դատական գործերի մասին տեղեկատվության աղբյուր չէ»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մեղադրվում են 17-ամյա Սմբատ Ցականյանին,  ինչպես նաև հայկական զինուժի սպա, մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, լրտեսության, սահմանն ապօրինի հատելու և մի շարք այլ հանցագործություններում։

• Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում անդրադարձել է բանակի կենցաղային պայմանների բարելավման նպատակով տարվող աշխատանքներին` նշելով, որ փոխվելու են թիկունքային ապահովման նշանակության մի շարք պարագաներ։ Հատուկ ուշադրության է արժանի այն տեղեկությունը, որ առաջիկայում բանակի զինանձնակազմը կստանա նոր համազգեստ, որը մինչ այդ կրում էր միայն բարձրագույն հրամանատարական կազմը։

Ադրբեջանական բանակի նոր համազգեստը

Ադրբեջանական բանակի նոր համազգեստը

• Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առանձին հանդիպումներ է ունեցել այդ երկրում Իսպանիայի և Կոլումբիայի՝ գործերի ժամանակավոր հավատարմատարներին, որոնց հետ քննարկել է ինչպես տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Իսպանիայի Թագավորության գործերի հավատարմատարի հետ Զաքիր Հասանովը քննարկել է նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանն ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ռազմաշաբաթը նաև`

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբեր 19-25

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *