Ադրբեջանի զինվորականների առաջիկա վարժանքները • Ադրբեջանի մասնակցությունը Թուրքիայում ՆԱՏՕ զորավարժությանը • Թուրք զինվորականների պատվիրակությունը Նախիջևանում • Նորոգված նավերի հանձնումը Ադրբեջանի ՌԾՈւ-ին • Կարմիր խաչը չի մեկնաբանում ադրբեջանցի սահմանախախտների դատավարությունը Արցախում • Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է բանակի կենցաղային պայմանների բարելավման ողղությամբ աշխատանքների մասին։
• Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մի քանի միջազգային վարժանքների ու կոնֆերանսների են մասնակցում Թուրքիայիում, Լիտվայում և Բահրեյնում։ Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող REGEX-14 հրամանատարական քառօրյա զորավարժությունը, որին մասնակցելու են նաև ադրբեջանցի զինվորականները։ Հոկտեմբերի 20-ից 21-ն Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն հրաձգության դասերի՝ Լիտվայի Ռուկլա քաղաքում, իսկ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Բահրեյնի Մանամա քաղաքում կմասնակցեն միջազգային կոնֆերանսի աշխատանքներին, որը նվիրված է ծովային ականների դեմ պայքարին։
• Հոկտեմբերի 22-ին տեղեկություն է հրապարակվել, որ Թուրքիայի զինված ուժերի՝ Էրզրումում տեղակայված 9-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Նախիջևան, որտեղ նրան ընդունել է ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալըբովը։
Հանդիպման ժամանակ վերջինս նշել է, որ Թուրքիան մեծ դեր ունի ինքնավար հանրապետության բանակի կայացման և բանակաշինության գործում։ Գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը, իր հերթին, գոհունակություն է հայտնել Նախիջևանի առանձին համազորային բանակի ձեռքբերումների կապակցությամբ։
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին, Ադրբեջանի ՊՆ-ն այցի վերաբերյալ հրապարակեց մանրամասներ, որոնցից պարզ դարձավ, որ թուրք գեներալը եղել է հակատանկային ստորաբաժանումների ուսումնական նորաբաց կենտրոնում, ինչպես նաև հետևել դաշտային վարժանքներին, որոնց մասնակցում էին մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումներ։
• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 23-ին այցելել է ռազմածովային ուժերի կառամատույցներից մեկը, որտեղ նրան են ներկայացրել ամբողջական նորոգում և տեխնիկական վերազինում անցած ռազմանավերը, ինչից հետո դրանք իջեցվել են ջուրը։
Ադրբեջանն այս քայլով փորձում է պահել հավասարակշռությունը Կասպից ծովի ավազանում՝ լարված հարաբերություններ ունենալով հատկապես Իրանի և Թուրքմենստանի հետ։ Վերջինիս հետ վեճի պատճառը «Քյափազ» նավթահորի շահագործման իրավունքն է, որը Թուրքմենստանը, հակառակ Ադրբեջանի, համարում է իրենը։
• Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է երկրի զինված ուժերի ինժեներական-ամրաշինական զորամասերից մեկը։ Նախարարը եղել է զորամասի հավաքակայանում, ստուգել է ինժեներական տեխնիկայի վիճակը։
Հասանովը ստուգել է նաև զորամասի ճաշարանն ու զորանոցները, ինչից հետո համապատասխան կարգադրություններ է արել զորամասում մարտական պատրաստության, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կարգապահության բարելավման հետ կապված։
• Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կսկսվի սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիներ Դիլգամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի դատաքննությունը։
Այս կապակցությամբ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձել են դատավարության վերաբերյալ տեղեկություններ ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակից։ Նշված կառույցի հանրային կապերի վարչության ղեկավար Իլահա Հուսեյնովան, սակայն հրաժարվել է պատասխանել հարցումներին՝ նշելով, որ «ԿԽՄԿ-ն դատական գործերի մասին տեղեկատվության աղբյուր չէ»։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մեղադրվում են 17-ամյա Սմբատ Ցականյանին, ինչպես նաև հայկական զինուժի սպա, մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, լրտեսության, սահմանն ապօրինի հատելու և մի շարք այլ հանցագործություններում։
• Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում անդրադարձել է բանակի կենցաղային պայմանների բարելավման նպատակով տարվող աշխատանքներին` նշելով, որ փոխվելու են թիկունքային ապահովման նշանակության մի շարք պարագաներ։ Հատուկ ուշադրության է արժանի այն տեղեկությունը, որ առաջիկայում բանակի զինանձնակազմը կստանա նոր համազգեստ, որը մինչ այդ կրում էր միայն բարձրագույն հրամանատարական կազմը։
• Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առանձին հանդիպումներ է ունեցել այդ երկրում Իսպանիայի և Կոլումբիայի՝ գործերի ժամանակավոր հավատարմատարներին, որոնց հետ քննարկել է ինչպես տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Իսպանիայի Թագավորության գործերի հավատարմատարի հետ Զաքիր Հասանովը քննարկել է նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանն ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ռազմաշաբաթը նաև`
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info