Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 17-23

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայում, կողմերը սպանվածներ ունեն, մեղադրանքներ հույներին, ՌՕՈւ-ն պայմանագրայինների է փնտրում, Անկարան չի թույլատրել գերմանական օդանավին վայրէջք կատարել իր տարածքում.

”  Վերջին օրերին Թուրքիայում զգալի սրվել են քրդերի և պետության հարաբերությունները։ Մասնավորապես, քրդերը Դիարբեքիրի Լիջե նահանգում քրդական գերեզմանատներից մեկի հարևանությամբ տեղադրել էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հայտնի անդամներից մեկի՝ քրդերի կողմից հերոսացվող Մահսում Քորքմազի հուշարձանը, ինչը, սակայն, թուրքական իշխանությունների հավանությանը չէր արժանացել և այն ապամոնտաժելու որոշում էր կայացվել։

” Ներկայիս Թուրքիայի Վան նահանգում Թուրքիայի զինված ուժերի սպա է սպանվել, ըստ թուրքական աղբյուրների, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների հետ բախման հետևանքով։

” Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուլփընար շրջանում օգոստոսի 18-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումը փորձել են պայթեցնել հեռակառավարվող պայթուցիկով։ Տուժողներ չեն եղել։

” Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում (Արարատ լեռան շրջակայքը) PKK անդամները գրոհել են թուրքական ժանդարմերիայի հենակետը։ Օգոստոսի 21-ի երեկոյան իրականացված գրոհի հետևանքով երկու ժանդարմ է վիրավորվել. նրանցից մեկի վիճակը ծանր է։

” Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը պայմանագրային շարքայինների և եֆրեյտորների ընդունելության հայտարարություն են տարածել։ Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ-ն առաջարկում է 3 տարվա պայմանագիր՝ ամսական 1748 լիրա աշխատավարձով (շուրջ 870 ամերիկյան դոլար)։

” Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը չի բացառել, որ թուրքական իշխանությունները կարող են ուղիղ բանակցություններ վարել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ Քանդիլում։ Վերջինս նշել է, որ կարևոր է ոչ միայն քրդական քաղաքական ղեկավարության, այլ նաև PKK-ի ռազմական հրամանատարների հետ բանակցությունները, ինչի համար Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կարող է պատվիրակություն ուղարկել Քանդիլ (Իրաք)։

” Թուրքիան չի թույլատրել Գերմանիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռին վայրէջք կատարել «Ինջիրլիք» ռազմաբազայում, որը շահագործում է Միացյալ Նահանգների հետ համատեղ։ Դեպքը կապում են Անկարայի և Բեռլինի հարաբերությունների սրման հետ. մասնավորապես, օրերս հայտնի էր դարձել, որ 2009 թվականից Գերմանիայի հետախուզական ծառայությունը (BND) գաղտնալսել է Թուրքիայի մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների։

” Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերական քարտուղարությունը փորձեր է կատարում տեղական «Հավելսան» (թուրք.՝ Havelsan) ընկերության արտադրած ռազմանավերի համար նախատեսված մարտական կառավարման GENESIS համակարգերն արտասահմանյան գնորդներին վաճառելու ուղղությամբ։ Ներկայում GENESIS համակարգերով են զինված Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի G դասի 8 ֆրեգատ։

” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մեղադրել է Հունաստանին երկրի օդային սահմանը խախտելու համար։ Թուրքական զինուժը հայտնում է, որ օգոստոսի 18-ին Հունաստանի օդուժի «Սուպեր Պումա» ուղղաթիռն Իզմիրի նահանգի օդային տարածքում 2 րոպե է անցկացրել, որից հետո հեռացել է։Միջադեպը լուրջ հետևանքների չի բերել։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 17-23

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 17-23 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *