Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուլփընար շրջանում օգոստոսի 18-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումը փորձել են պայթեցնել հեռակառավարվող պայթուցիկով։ Տուժողներ չեն եղել։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը կազմակերպել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները։ Պայթուցիկը գործի է դրվել Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի 15 հոգանոց խմբի՝ ավտոճանապարհի հսկողություն իրականացնելու համար դեպքի վայր ժամանելուն պես։ Պայթյունից թուրքական կողմից տուժողներ չեն եղել։ Դեպքից հետո տարածքում թուրքական բանակը հատուկ գործողություն է սկսել՝ հայտնաբերելու պայթյունն իրականացողներին։
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:
Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։
Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։
Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։