Թուրքիան կրկին մեղադրում է Հունաստանին իր օդային սահմանը խախտելու համար

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մեղադրել է Հունաստանին երկրի օդային սահմանը խախտելու համար։

Թուրքական զինուժը հայտնում է, որ օգոստոսի 18-ին Հունաստանի օդուժի «Սուպեր Պումա» ուղղաթիռն Իզմիրի նահանգի օդային տարածքում 2 րոպե է անցկացրել, որից հետո հեռացել է։Միջադեպը լուրջ հետևանքների չի բերել։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական կողմը մշտապես հայտնում է Հունաստանի կողմից իր օդային և ջրային սահմանը խախտելու մասին։

Այսպես, հունիսի 21-ի վաղ առավոտյան Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը շուրջ 50 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։ Թուրքական կողմի զգուշացումներից հետո հունական պարեկային կատերը հեռացել է Թուրքիայի ջրային սահմաններից։

Եվս մեկ նման դեպք է եղել հունիսի 17-ին՝ Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը երեկոյան ժամերին շուրջ 42 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։ Նույն օրը հունական պարեկային կատերը մտել էր Թուրքիայի ջրային տարածք։

Ավելի վաղ ևս թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։ Բացի այդ, երկու պետությունների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրի պատճառով. կղզու հյուսիսային հատվածը շուրջ 40 տարի Թուրքիայի բռնազավթման տակ է։

2 responses to “Թուրքիան կրկին մեղադրում է Հունաստանին իր օդային սահմանը խախտելու համար

  1. Pingback: Թուրքերը մեղադրում են հույներին օդային սահմանը խախտելու համար | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան մեղադրում է հույներին իր օդային սահմանը խախտելու համար | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *