Առաջին աշխարհամարտի սկզբից կենսաբաններն ու նկարիչները սկսեցին համատեղ աշխատել կատարյալ քողարկաներկման (կամուֆլյաժի) ստեղծման ուղղությամբ: Հաշվի էին առնվում բազմաթիվ կենդանիների նախշերը, տեղանքի առանձնահատկությունները, եղանակային պայմանները, մարդու տեսողության առանձնահատկությունները ևն: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը դադարեց Առաջին աշխարհամարտի ավարտով և նորից թափ առավ միայն 1930-ականներին:
Ամերիկյան բանակում քողարկաներկված համազգեստ զանգվածաբար սկսեցին օգտագործել Երկրորդ աշխարհամարտի կեսերից: Սակայն այն վառ գունավորում ուներ և այդքան էլ արդյունավետ չէր: Պատերազմի ավարտից շատ չանցած ամերիկացիներն այդ համազգեստներից սկսեցին հրաժարվել: 1940-ականների վերջին ամերիկյան բանակը սկսեց հանդերձավորվել ERDL (առավել հայտնի «Տերև» անվանումով) քողարկանախշով: Այն օգտագործվել է բազմաթիվ մերձավորարևելյան հակամարտություններում, այդ թվում` հայերի կողմից Հայ-ադրբեջանական պատերազմում:
Ամերիկյան բանակում քողարկաներկված համազգեստների կարևորությունը սկսեց զգացվել Վիետնամական պատերազմում: Այդ ժամանակ ամերիկացիները ֆրանսիական «Ընձենի» քողարկանախշի հիման վրա ստեղծեցին հայտնի «Վագրանախշը» (Tigerstripe), որի տարբեր գունային տարբերակներն առ այսօր էլ օգտագործվում են շատ երկրներում:
1981-ից ամերիկյան զորքն օգտագործում է հանրահայտ «Թավուտ» (Woodland) քողարկանախշը, որը գրեթե կրկնում էր «Տերև»-ը, միայն թե ուներ ավելի լայն նախշեր և վառ գույներ («Տերև»-ն ավելի «փոշոտ» տեսք ունի): Դրա նախշի ձևը թույլ է տալիս արդյունավետ քողարկվել մեծ հեռավորության վրա, քանի որ միագույն նախշերը չեն միաձուլվում, սակայն վառ գույները մատնող են մոտ հեռավորության դեպքում: Այս քողարկանախշը դարձավ ամենատարածված և ամենաճանաչված քողարկանախշն ամբողջ աշխարհում:
2001-ի կեսերից ամերիկյան բանակն սկսեց հանդերձավորվել Ծովային հետևակի քողարկանախշով (MARPAT), որն արտադրվում էր մի քանի գունային սխեմաներով` տարբեր տեղանքներում օգտագործելու համար: 2002-ի սկզբներին ամերիկյան բանակն ամբողջովին հանդերձավորվեց այդ բավականին հաջողված համազգեստով, որը շուտով սկսեցին օգտագործել շատ երկրների բանակներում: Սակայն MARPAT-ի որդեգրումից շատ չանցած` 2003-ին սկսվեցին հետազոտություններ նոր քողարկանախշի ստեղծման ուղղությամբ: Ամերիկյան հրամանատարությունը ձգտում էր իր մարտիկներին հանդերձավորել մի համազգեստով, որը հնարավորություն կտար արդյունավետորեն քողարկվել ցանկացած տարածքում և ցանկացած եղանակի, կլիներ դիմացկուն և անտեսանելի գիշերային տեսողության սարքերի համար:
(Փոքր ինչ առաջ անցնելով՝ նշենք, որ ճակատագրի հեգնանքով նորաստեղծ քողարկանախշը չէր համապատասխանում չափանիշներից գրեթե ոչ մեկին։)
Ընդհանուր 12 մրցակից տարբերակների փորձարկումներից հետո 2004-ին հանրությանը ներկայացվեց նոր` «Համընդհանուր քողարկանախշ» (Universal Camouflage Pattern — UCP) անվանումը կրող համազգեստի ներկաքողարկումը1, որի ստեղծման համար ԱՄՆ բանակը ծախսել էր 5 միլիարդ դոլար2: Ամենահետաքրքիրն այն է, որ ընտրվեց այն տարբերակը, որն ԱՄՆ բանակի՝ Նաթիքի հետազոտական կենտրոնի (NSRDEC) անցկացրած փորձարկումների ժամանակ ամենացածր միջին գնահատականներից մեկն էր ստացել3: Միայն գիշերային տեսողության սարքերով դիտման արդյունքներով էր այն առաջատարների մեջ4: Այն ընդհանուր առմամբ ստեղծվել էր MARPAT-ի ազդեցությամբ և կրկնում է դրա նախշը, դրանից տարբերվում է միայն գույնով: Սակայն նոր համազգեստի գործարկումից անմիջապես հետո սկսվեցին զինծառայողների դժգոհությունները, որոնք սկզբնական շրջանում էսթետիկ բնույթ էին կրում, կապված կտորի որակի կամ համազգեստի գործածման հետ5: Գունային գամման և նախշի ձևը շատ հարմար են քաղաքային պայմաններում քողարկվելու համար, ինչպես նաև կարող են իրենց արդարացնել ռազմածովային ուժերի և որոշ չափով` օդուժի հանդերձավորման դեպքում: Հիշատակման է արժանի նաև սևի բացակայությունը, ինչը ստեղծողները բացատրում էին բնության մեջ այդ գույնի բացակայությամբ և նրանով, որ գիշերային տեսողության սարքերով դիտելիս սևը չափազանց մուգ է երևում և կարող է խիստ հակադրություն ստեղծել մյուս գույների հետ: Սակայն մարդու տեսողական ընկալումն այնպիսին է, որ սևն ընկալվում է որպես խորություն և շփոթեցնում է դիտորդին6: Բացի այդ, MARPAT-ը (այդ թվում` անապատային տարբերակը) գրեթե չի զիջում UCP-ին գիշերային տեսողության սարքերին խաբելու գործում7: Սակայն իրական անախորժությունները սկսվեցին, երբ UCP-ով հանդերձավորվեցին Աֆղանստանում և Իրաքում տեղաբաշխված ամերիկացի զինվորականները: Առաջինները որոշ ժամանակ անց լրիվ հրաժարվեցին կրել այդ համազգեստը, քանի որ լեռնային տեղանքում հակառակորդը շատ հեշտ է նկատում զինվորներին գունային խիստ հակադրության պատճառով8: Իրաքում ծառայություն անցած սպա Մեթ Գալագերը նշում է, որ այդ համազգեստն անհարմար էր թե´ մատնող գունավորմամբ, թե´ կրելու համար, որպես խնդիր նշելով նաև ցածրորակ կպչուկը, որը թեթև հպումից ուժեղ խռթոց էր արձակում, ինչը կարող էր հակառակորդին մատնել զինծառայողների տեղը9: Ռազմական լրագրող Էրիկ Գրեյվզը նշում է, որ այս համազգեստի մոխրագույն գունավորումը զինվորներին դարձնում է քայլող թիրախ10: Ըստ թեման ուսումնասիրող լրագրող Դենիել Ինգբերի` այս քողարկանախշը հարմար է միայն խիճահանքի բնապատկերին միաձուլվելու համար11: Ռազմական հետազոտություններով զբաղվող լրագրող Դեն Ցիմեռմանը հեգնանքով նշում է, թե չորային տեղանքում UCP քողարկանախշն ավելի հեշտ է նկատելը, քան Լեդի Գագային եկեղեցում12:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հաջողված MARPAT-ը փոխարինվեց թանկարժեք ու բավականին անհաջող UCP-ով: Ամերիկյան բանակի սերժանտ Մեթ Փելաքը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանակը ծախսել է միլիարդավոր դոլարներ անարդյունավետ սարքավորման համար, որպեսզի ոչ պակաս ծախսեր անի այն փոխարինելու համար` հիշատակելով ամերիկյան բանակի փոխադրամիջոցների կատարելագործման 20 միլիարդ դոլար արժեցած «Ապագայի մարտական համակարգեր» (Future Combat Systems) ծրագիրը, որը սկսվեց 2003 թվականին, սակայն 2009-ին կասեցվեց: «Ռազմական ոլորտի պատասխանատուները շարունակում են առանձին ծրագրերն իրականացնել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով կամ «տակից» իրականացվող գործարքներով: Թերևս, համազգեստներ նախագծող ընկերությունը պատկանում է ինչ-որ մեկի եղբորը…»13:
Անհարմարության և ցածրորակության պատճառով զինվորները ստիպված էին գտնել ուրիշ ներկաքողարկված համազգեստ: «Մենք ստիպված էինք մեզ հետ քարշ տալ երկու համազգեստ` մեկը մարտում կրելու համար, մյուսը` զորամաս վերադառնալիս», — նշում է Փելաքը14: Ըստ նրա՝ մարտում կրելու համազգեստը Crye Precision ընկերության արտադրած MultiCam-ն էր (Բազմանպատակ ներկաքողարկում): 2009-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց օրինագիծ, որով պահանջում էր երկրի պաշտպանության նախարարությանը ձեռնարկել անհապաղ քայլեր Աֆղանստանում տեղակայված անձնակազմին տեղանքին համապատասխան քողարկաներկված համազգեստով հանդերձավորելու ուղղությամբ15:
ԱՄՆ-ի բանակում գործածությունից դուրս գալուց հետո UCP-ն սկսեց հայտնվել տարբեր երկրների ուժային կառույցների հանդերձավորման մեջ, հիմնականում ներքին գործերի և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումների (Ռումինիայի ժանդարմերիայի և ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումներ, Սերբիայի ոստիկանության հակաահաբեկչական հատուկ զորամիավորում և ժանդարմերիա ևն) և ռազմածովային ուժերում (Մալայզիայի ծովային հարկադրման գործակալություն, դոմինիկյան ռազմածովային նավատորմ ևն), ինչպես նաև այլ կառույցներում: Դեռևս 2002-ին ամերիկյան բանակի պատվերով Crye Precision ընկերությունը մշակել էր MultiCam քողարականախշ համազգեստը, որը գրեթե բոլոր չափանիշներով գերազանցում է UCP-ին և փորձարկման ժամանակ ավելի բարձր գնահատականի էր արժանացել16: Սակայն որոշ ժամանակ անց բանակի պաշտոնյաները պատվերը կասեցրին` չհամաձայնվելով դրա գնի հետ17: Քողարկանախշի հեղինակային իրավունքները մնացին ամերիկյան բանակի ձեռքում և Նաթիքի հետազոտական կենտրոնը 2009-ին MultiCam (ի սկզբանե` Scorpion (Կարիճ)) քողարկանախշը վերամշակեց և վերանվանեց Scorpion W218:
2014 թվականի հուլիսի 23-ին ամերիկյան բանակի գեներալ Դենիս Վայը (Dennis L. Via) ասուլիսի ժամանակ նշեց, որ նոր համազգեստն արդեն եկող տարի կհանձնվի ծառայողներին19: Սպասվում է, որ վերահանդերձավորումը կարժենա ևս 4 միլիարդ դոլար20: Բացի քողարկանախշը, ամերիկյան բանակի մարտական համազգեստը կկրի ևս մի քանի արտաքին փոփոխություն. սրունքի գրպանի կպչուկը կփոխարինվի կոճակով, ծնկակալի և արմնկակալի ներդիրի գրպանը կվերացվի, կանգուն օձիքը կփոխարինվի ծալովիով, ինֆրակարմիր ճանաչման նշանը (IFF) կփոխվի, թևքի վրայի երեք գրչագրպաններից մեկը կհեռացվի և տաբատի գոտկատեղի քուղը կվերացվի21: Վերջին չորս փոփոխությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել, այդուամենայնիվ, կարելի է նշել, որ զինվորների հիմնական բողոքները բավարարվել են: Սակայն սա մոտակա ժամանակներում ամերիկյան բանակի հանդերձավորման ոլորտում սպասվող միակ խոշոր ծախսը չէ: 2013 թ. ամռանը Կոնգրեսը պարտավորեցրել է Պենտագոնին 2018-ի դրությամբ միասնական համազգեստով հանդերձավորել բանակը, նավատորմը, օդուժը և ծովային հետևակը22: Թե ինչքանո՞վ նոր համազգեստը կարդարացնի իրեն և որքա՞ն կարժենա, ցույց կտա ժամանակը: ___________________
1. Universal camouflage for the future warrior
2. How U.S. Army spent $5BILLION on ‘failed’ pixel camouflage… because they ‘wanted to look cooler than Marines’
3. Universal camouflage for the future warrior
4. Նույն տեղում
5. New Army Uniform Doesn’t Measure Up
6. New Digital U.S. Army Combat Uniform eliminates Black in pattern
7. Camouflage, Color and Cost
8. The Army’s $5 Billion New Uniform Already Being Replaced
9. Նույն տեղում
10. Oops. US Army Camo Makes Grunts Easier to See, Shoot
11. Lost in the Wilderness: The military’s misadventures in pixelated camouflage
12. Oops. US Army Camo Makes Grunts Easier to See, Shoot
13. The Army’s $5 Billion New Uniform Already Being Replaced
14. Նույն տեղում
15. Troops in Afghanistan would get new uniforms
16. Universal camouflage for the future warrior
17. Army taps Scorpion pattern to replace highly criticized Universal Camouflage Pattern
18. US Army Selects Scorpion Camouflage Pattern – UPDATED
19. Army on Track to Deliver New Camo Pattern by 2015
20. The Army’s $5 Billion New Uniform Already Being Replaced
21. New camo uniform set for fall 2015
22. National Defense Authorization Act for Fiscal Year 2014