Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 17-23

2 զոհ, 1 վիրավոր: Սիրիայում ադրբեջանցի է սպանվել: Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպեցին Նախիջևանում: ԱՄՆ-ն հրաժարվել է զրահամեքենաներ վաճառել Ադրբեջանին:

Զաքիր Հասանով, Իսմեթ Յըլմազ և Իրակլի Ալասանիա

Զաքիր Հասանով, Իսմեթ Յըլմազ և Իրակլի Ալասանիա

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ենթասպա Նամիք Մուսաևը ՄԱԶ ավտոմեքենայով Լենքորանում վթարի է ենթարկել 53-ամյա հեծանվորդ Իսմայիլ Նեսիրովին։

Ադրբեջանի արդարադատության նախարարության պատժիչ գործողությունների իրականացման ծառայության պաշտպանական գնդի զինծառայող Թահմազլը Ֆարիդ Ասլան օղլուն մահացել է, համաձայն նախնական վարկածի, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, 1996-ին ծնված Ալիաղա Յաշար օղլու Ալիևը խեղդվել է երկրի հյուսիսարևելյան Խաչմազի շրջանում՝ Կասպից ծովում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Թաբրիզ Ալլադին օղլու Մամեդովը, նախնական վարկածի համաձայն, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է ինքն իրեն։

Ադրբեջանի հարավային թալիշաբնակ Մասսալըի շրջանի Էրքիվան գյուղի բնակիչ Ռամիլ Դավուդ օղլու Մուսթաֆաևը, որը մարտնչում էր Սիրիայում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում, սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտերում։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանի հայցը Cougar և HMMWV ամենագնացների գնման առնչությամբ։ Դրանք դուրս էին բերվել Աֆղանստանի խաղաղապահ ուժերի գործածությունից։ Պատճառը, ըստ ԱՊԱ-ի, Վաշինգթոնի՝ Արցախյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգոն է (արգելք)։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիան Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 18-ին ժամանել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Օգոստոսի 19-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախիջևան քաղաքում՝ առանձին համազորային բանակի շտաբում, կայացել է նրանց եռակողմ հանդիպումը։ Նախարարները որոշել են անցկացնել համատեղ զորավարժություններ՝ ուղղված հիմնականում նավթամուղների ու գազամուղների պաշտպանության ապահովմանը։ 

Օգոստոսի 18-ին Բաքվում կայացել են բանակցություններ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Հասիմ Ռեզայի միջև:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Շաֆիգ Ֆազլիի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում հյուրընկալվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի մոտ։

2014-ի սեպտեմբերի 11-13-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին պաշտոնապես իրենց մասնակցությունն են հաստատել ֆրանսիական 15 և իսրայելական 16 ընկերություններ։

Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի նահանգային խորհուրդը մեղադրել է Ադրբեջանին Իրաքում և Սիրիայում գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորմանն աջակցելու և սեփական շահերին ծառայեցնելու համար։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 17-23

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 17-23 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *