Թուրքիայի փոխվարչապետը չի բացառում PKK-ի ռազմական ղեկավարության հետ ուղիղ բանակցությունները

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը չի բացառել, որ թուրքական իշխանությունները կարող են ուղիղ բանակցություններ վարել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ Քանդիլում։

Թուրքական NTV հեռուստաընկերության եթերում Թուրքիայի փոխվարչապետն անդրադարձել է քրդական կազմակերպության հետ հարաբերությունների հարցին։

Վերջինս նշել է, որ կարևոր է ոչ միայն քրդական քաղաքական ղեկավարության, այլ նաև PKK-ի ռազմական հրամանատարների հետ բանակցությունները, ինչի համար Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կարող է պատվիրակություն ուղարկել Քանդիլ (Իրաք)։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։

Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։