Ղազախստանի զինված ուժերը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից անվարձահատույց ստացել է Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերի 5 համալիր: Այս մասին օգոստոսի 12-ին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը:
Զենիթահրթիռային համակարգերը Ղազախստանում անցնելու են փորձարկումներ, ինչից հետո համալրելու են երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգը:
Ռուսաստանի և Ղազախստանի միջև նախատեսված գործարքի մասին հայտնի էր դարձել 2014-ի հունվարին: Այն ժամանակ նշվում էր, որ Ռուսաստանը Ղազախստանին անվարձահատույց կփոխանցի 5 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Զինտեխնիկան Աստանային նախատեսվում էր տրամադրել Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության պահեստներից։ (Նշենք, որ համակարգի յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման կայանից, իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ)։
Այն ժամանակ դեռևս նշվում էր, որ նպատակը Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումն է: Նույն նպատակով 2015-ի ապրիլին էլ Ռուսաստանը 4 միավոր նույն զենիթահրթիռային համակարգերից անվարձահատույց հանձնել է Բելառուսին: Նշվում էր, որ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի կայացումից հետո Ռուսաստանն անցնելու է Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։ Այս մասին դեռևս 2013-ի նոյեմբերին հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հետագայում՝ 2014-ի մայիսի 26-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեց ՌԴ-ի հետ համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման համար օրենքը:
Ենթադրվում է, որ տարածաշրջանային համակարգերի ստեղծումից հետո կմշակվի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միացյալ ՀՕՊ համակարգի մարտական հերթապահության իրականացման ու տեղեկատվության փոխանակման կարգը։
Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան ու Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Իսկ ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։
Pingback: Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ | Ռազմ.info
Pingback: Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնությունը | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԱԺ վավերացմանն է ուղարկվել ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը | Ռազմ.info
Pingback: Հայաստանը վավերացրեց ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի Ս-300 ԶՀՀ-ների 170 հրթիռ | Ռազմ.info