Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի երկու ռազմանավերի՝ Իրան այցելության ընթացքում ռուսաստանյան և իրանյան ռազմանավերն անցկացրել են համատեղ զորավարժություն, որին մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում է իրանական Fars News լրատվական գործակալությունը:
Ռուսաստանից զորավարժությանը մասնակցել են օգոստոսի 8-ին Իրանի Էնզելի նավահանգստում կայանած «Վոլգադոնսկ» և «Մախաչկալա» ռազմանավերը, իսկ իրանյան զինված ուժերից զորավարժության մասնակցել են «Դամավանդ» էսմինեցն ու «Փեյքան» և «Ջոշան» հրթիռային նավերը:
Զորավարժության նպատակներից է եղել երկու երկրների ռազմածովային ուժերի զինծառայողների համագործակցության աստիճանի և մարտունակության բարձրացումը:
Զորավարժության ավարտից հետո ռուսաստանյան նավատորմի հրամանատար, առաջին կարգի կապիտան (գնդապետ) Կիրիլ Տարանենկոն իրանյան կողմին հրավիրել է ռազմանավերով այցելել Աստրախան (Ռուսաստան), ինչպես նշում է իրանական ISNA գործակալությունը: Դրանից հետո ռուսաստանյան ռազմանավերը մեկնել են դեպի Բաքու:
Նշենք, որ ՌԴ Կասպյան նավատորմիղի երկու ռազմանավերը Կասպից ծովի՝ Իրանի նավահանգիստ էին այցելել օգոստոսի 8-ին և այնտեղ էին մնալու երեք օր: Սա ռուսաստանյան ռազմանավերի երրորդ այցն է Իրան: Մինչ այս այցեր եղել են 2007-ին և 2014-ին: Նախորդ տարվա հոկտեմբերի այցի ընթացքում ՌԴ ռազմանավերը նույնպես զորավարժություն են անցկացրել իրանական ռազմածովային ուժերի հետ:
Նշենք, որ 2014 սեպտեմբերին Ռուսաստանի Աստրախան քաղաքում Կասպից ծովի ավազանի 5 երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովում քննարկվել էին մի շարք հարցեր՝ ջրային տարածքների սահմանազատումից մինչև ռազմածովային համագործակցություն։ Հենց այդտեղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Ադրբեջանին առաջարկել էր 2016 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնել։
Գագաթաժողովից հետո՝ հոկտեմբերին, ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 ռազմանավ Մախաչկալայից ուղևորվել են Ղազախստանի Աքթաու նավահանգիստ՝ համատեղ ռուս-ղազախական զորավարժության, որի ավարտից հետո շարժվել են Իրան։ Ուղևորության վերջնակետն է եղել Բաքուն։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ՌԴ ռազմանավերի այցը ներկայացրել է որպես բացառիկ երևույթ, «մոռանալով» նշել, որ ռազմանավերի համար Բաքուն ընդամենը հետդարձի մի կետ է եղել, ընդ որում Ադրբեջանի հետ զորավարժություններ ռուսաստանյան ռազմանավերը չեն իրականացրել՝ ի տարբերություն Ղազախստանի և Իրանի։
Ավելացնենք, որ բացի իրանյան այցը, ՌԴ Կասպյան նավատորմիղը մինչ այս տարվա վերջ Կասպից ծովում կանցկացնի առնվազն 2 միջազգային զորավարժություն, որոնցից մեկը՝ եռակողմ՝ Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի հետ, իսկ մյուսը՝ երկկողմ՝ ռուս-ադրբեջանական:
Pingback: ՌԴ ռազմանավերը 22-օրյա զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում | Ռազմ.info
Pingback: Իրանի ՌԾՈւ ռազմանավերն այցելել են Կասպից ծովի ռուսաստանյան նավահանգիստ | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ռազմանավերն այցելելու են Ղազախստան, Իրան, Ադրբեջան | Ռազմ.info
Pingback: Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանեն Ադրբեջանում | Ռազմ.info
Pingback: Իրան է ժամանել ռուսական նավախումբ | Ռազմ.info
Pingback: Իրան է ժամանել Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավը | Ռազմ.info