Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հետ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը, որից հետո անցնել Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպաների ներկայացման արարողությանը։
Ըստ ՌԴ նախագահի՝ այդպիսի համագործակցությունը հնարավորություն է տալու եվրասիական տարածքում ամրապնդել խաղաղություն և կայունություն։ Նա նաև նշել է, որ ընթացիկ տարում բարեհաջող անցել է «Արևմուտք-2013» ռուս-բելառուսական մարտավարական զորավարժությունը։
«Բարելավելու ենք մեր ավանդական դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործակցությունը, առաջին հերթին ՀԱՊԿ, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ պետությունների հետ»,- հավելել է Պուտինը։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ մտադիր են Բելառուսին փոխանցել 4 միավոր Ս-300 զենիթահրթիռային համալիրներ։
Ըստ ռուսական աղբյուրների՝ համալիրների տրամադրումը պետք է իրականացվի տարածաշրջանային Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի շրջանակներում։
Հավելենք, որ Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին պայմանավորվածությունը ՌԴ-ի ու Բելառուսի միջև հաստատվել է դեռևս 2009-ի փետրվարին։ Նախատեսված էր դրա հիման վրա ստեղծել ԱՊՀ Արևելաեվրոպական հատվածի միասնական ՀՕՊ համակարգ։ Արդեն 2012-ի վերջին նախատեսված էր ստեղծել այդ համակարգի էլեկտրոնային կառավարում, որը կիրականացվեր ավտոմատացված ռեժիմով։
Նախատեսված է տարածաշրջանային միասնական ՀՕՊ համակարգեր ստեղծել նաև Կովկասում ու Միջին Ասիայում։ Մասնավորապես 2013-ին նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի ու Ղազախստանի միջև, որից հետո, ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարի, ՌԴ-ն անհատույց Ղազախստանին էր հանձնելու Ս-300 համակարգեր։
Ենթադրվում է, որ տարածաշրջանային համակարգերի ստեղծումից հետո կմշակվի ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի մարտական հերթապահության իրականացման ու տեղեկատվության փոխանակման կարգը։
Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան ու Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Իսկ ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։
Pingback: Բելառուսը Սու-30 կործանիչների գնման նախնական համաձայնության է եկել ՌԴ հետ | Ռազմ.info