Այսօր՝ հունիսի 30-ին, Հայաստանի Ազգային ժողովը 101 կողմ (8 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով վավերացրել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:
Պատգամավորների հարցերին պատասխանելով՝ հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը իր միջոցներով պաշտպանում է իր օդային տարածքը: Այս համաձայնագրի հաստատումից հետո մենք շարունակելու ենք կառավարել մեր հակաօդային միջոցները, սակայն դրան ավելացնում ենք նաև Ռուսաստանի ռեսուրսը», — նշել է Նազարյանը:
Նազարյանը նաև տեղեկացրել է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը:
«Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը», — հայտնել է ՀՀ ՊՆ տեղակալը:
Արա Նազարյանը պարզաբանել է նաև, որ միավորված ՀՕՊ համակարգի գործունեությունը Արցախին չի վերաբերում, և որ Արցախի մասով Հայաստանն ունի հակաօդային պաշտպանության իր միջոցները:
Նույնատիպ պարզաբանում ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր նաև հունիսի 9-ին:
Հետաքրքիր է, որ Հայաստանից բացի Ռուսաստանը նման համակարգեր է ստեղծել նաև Բելառուսի և Ղազախստանի հետ: Եվ մասնավորապես հենց այդ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:
Սակայն հայաստանյան «Պանարմենիան» լրատվակայքի հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում:
Pingback: ՀՀ-ՌԴ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը | Ռազմ.info
Pingback: Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ անդամ երկրները ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միացյալ զորախումբ կստեղծեն | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը վավերացրեց ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը | Ռազմ.info
Pingback: [Լրացված] ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը | Ռազմ.info