Դավիթ Փախչանյան. Պետք է հստակեցնել, թե որ զինատեսակներն են արտադրվելու Հայաստանում

Հունիսի 30-ին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի կայքում հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հարցազրույցը, որում նորանշանակ պաշտոնյան պատմել է ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի կարողությունների և զարգացման հնարավարությունների մասին:

Ռազմարդյունաբերական ոլորտի փոփոխությունները ներկայացնելիս փոխնախարար Փախչանյանը նշել է, որ նախկինում եղել է դիրքորոշում, որ Հայաստանն այս ոլորտում մեծ խնդիրներ չի կարող լուծել, ինչի հետևանքով ոլորտին ուղղված ֆինանսավորումը քիչ է եղել, սակայն փոխված իրավիճակն այլ պահանջներ է առաջադրում:

«Մեխանիզմը հետևյալն է` գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով մենք պետք է ունենանք պետականին հավելյալ ֆինանսավորում: Դա կլինի կամ մասնավոր, կամ հատուկ տիպի ֆինանսավորում: <…> Մյուս կողմից մենք պետք է կարողանանք վաճառել մեր արտադրանքը արտասահմանում, և այդ դեպքում կարող ենք ունենալ բարձր շահութաբերություն», — նշել է պաշտպանության փոխնախարարը:

Փախչանյանի խոսքով՝ ներկայում Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտն ունակ է լուծել ռազմական տեխնիկայի նորոգման և նորոգմամբ արդիականացման աշխատանքներ: Բացի այդ, ոլորտի նորամուծություններից են ջերմատեսիլ սարքերի արտադրությունը և ՀՕՊ համակարգերի արդիականացումը:

Մյուս կողմից նոր խնդիրներ է առաջադրել նաև Ապրիլյան պատերազմը, և պատերազմից հետո արվել են բոլոր հետևոությունները, սակայն Դավիթ Փախչանյանը չի մանրամասնել, թե ինչ որոշումներ են ընդունվել արդյունքում:

Պաշտպանության փոխնախարարը նշել է, որ Հայաստանի արտադրական հնարավորությունները գնահատելու խնդիր կա. պետք է հստակեցնել, թե որ զինատեսակներն են արտադրվելու Հայաստանում և որոնք են ներկրվելու արտասահմանից:

Ավելի ընդհանուր խոսելով ոլորտի խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին՝ փոխնախարարը նշել է, որ մշակվում են աշխատանքի նոր մեթոդներ, ներգրավվում են նոր ռեսուրսներ` առկա խնդիրները լուծելու և գալիք մարտահրավերներին դիմակայելու համար:

«Պարզ ասեմ, այն ֆինանսավորմամբ, որը կար նախկինում, հնարավոր չէ մեծ խնդիրներ լուծել: Պետք է օգտագործել ֆինանսավորման բոլոր հնարավոր աղբյուրները և քննարկել ոչ պետական ֆինանսավորման տարբերակները: Հաջորդը ինտելեկտուալ պոտենցիալի ներգրավումն է Հայաստանում և Հայաստանից դուրս», — հարցազրույցի ընթացքում նշել է Փախչանյանը:

Ավելացնենք, որ Դավիթ Փախչանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել հունիսի սկզբին:

One response to “Դավիթ Փախչանյան. Պետք է հստակեցնել, թե որ զինատեսակներն են արտադրվելու Հայաստանում

  1. Pingback: Հայաստանում կարտադրվեն գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *